հուրը։ Այդ վայրկյանից ես ատեցի բարձրահասակ տղամարդին։ Ատեցի իմ պատանեկան հոգու ամբողջ թափով։ Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով, ո՞վ եմ ես— այս մասին ես չէի մտածում։— Թող այդ մարդը լիներ առաքինիների մեջ ամենաառաքինին, արժանավորներից արժանավորագույնը, նա այդ կնոջ ամուսինն էր, ուրեմն և ոխերիմ հակառակորդս, որին պատրաստ էի այդ պահին ոչնչացնել առանց երկար մտածելու։ Անշուշտ այդ մարդը մի ժանտ բռնակալ է, որ գերել է գեղեցիկներից գեղեցկագույնին և պահում է նրան իր իշխանության ներքո գրեթե շղթայակապ։ Անշուշտ ասիական խանդից կուրացած մի եսամոլ է, որ տանջում է նրան հանուն իր եսի։ Այլապես ինչ են նշանակում այդ մշտապես փակ լուսամուտները, որոնցից միայն մեկն է բացվում, այն էլ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, այն էլ, երբ բռնակալը տանը չէ։ Այլապես ի՞նչ է նշանակում, որ այդ կինն երբեք տնից դուրս չի գալիս և օր-օրի վրա, իմ աչքերի առջև դժգունանում է ու նիհարում և օր-օրի վրա խոշորանում են նրա գեղեցիկ աչքերի բիբերը, և լայնանում նրանց տակերի կապույտները։ Ուրիշ ինչպե՞ս թարգմանել այդ երեք անփոփոխ նոտաները, որ այժմ հնչում են ամեն օր այնքան միապաղաղ, այնքան վշտահար։ Աստված իմ, ես կարող եմ ցնորվել այդ տարօրինակ հնչյուններից։ Նրանք գալիս են մի քայքայված հոգու խորքերից և զարկում են իմ օր-օրի վրա նրբացող ու զգայնացող ներվերին ասեղների պես։ Ախ, գիտե՞ արդյոք այդ կինը, որ եթե ոչինչ էլ չլիներ, միայն այդ խելագար հնչյունները բավական են ինձ տանջելու համար։ Գիտե՞, որ ես երբեմն պատրաստ եմ դուրս բերել գլուխս լուսամուտից և գոռալ.— «բավական է, անողոք էակ, բավական է, ես չեմ կարող լսել այդ խելառ հնչյունները»։
Բժիշկը դարձյալ կանգ առավ ձեռի ներվային շարժումով տրորեց գլխի թանձր կարճ խուզած ալեխառը մազերը և շրթունքները սեղմեց ատամներով իր հուզմունքը չափավորելու համար։ Այդ պահին նա ամբողջովին ձուլված էր իր անցյալի հետ։ Նա վառեց մի նոր ծխախոտ և շարունակեց.
— Առավոտ էր։ Գրասեղանիս քով նստած նամակ էի գրում ծնողներիս։ Բավական ժամանակ էր մոռացել էի խեղճերին: