Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/323

Այս էջը հաստատված է

է չսիրած ամուսնու կենակցությանը, ճիշտ այնպես, ինչպես ընտելանում է հարյուրից իննսունինը աշխարհի բոլոր կանանց։ Մարդիկ, որ միշտ ուրիշների կյանքի մասին աչքերով են դատում, կարծել են, թե չկա նրանցից ավելի երջանիկ զույգ։ Եվ շատ կանայք նախանձել են Ալինային, ու շատ տղամարդիկ նախանձել են Սրափիոնին։ Չորս տարվա ընթացքում նրանք ունեցել են առաջին տարին իսկ ծնված մի երեխա։ Նա մեռել է երկուսուկես տարեկան հասակում՝ ուղեղի բորբոքումից։ Ծնողների վիշտն ավելի ամրացրել է ամուսնական կապը, բայց Ալինան դարձյալ չի սիրել ամուսնուն։ Իսկ Սրափիոնը քանի գնացել այնքան ու այնքան ավելի է սիրել Ալինային։ Երեխայի մահն է ազդել, թե ինչ, Ալինան սկսել է ձանձրանալ կյանքից։ Սիրահարված ամուսինն ամեն կերպ աշխատել է փարատել նրա թախիծը, բայց զուր։ Ո՛չ ճանապարհորդությունները Եվրոպայում, ո՛չ թանկարժեք համաշխարհային կուրորտները, ո՛չ թատրոն, ո՛չ երաժշտություն, շքեղ զգեստներ, երեկույթներ, պարահանդեսներ, ոչինչ, ոչինչ չի օգնել։ Ալինան դարձել է օր-օրի վրա ավելի ու ավելի թախծոտ, մռայլ։ Ծնողների հանկարծակի մահը մեկը մյուսից երկու ամիս չանցած՝ կրկնապատկել է նրա վիշտը:

Եվ ահա այդ ժամանակ, այսինքն՝ մի աշնան սկզբին, Պետերբուրգից Ղրիմ է գալիս Սրափիոնի նախկին բարեկամներից մեկի որդին։ Քսանուհինգ տարեկան մի երիտասարդ՝ գանգուր, շիկագույն մազերով, ուրախ ու զվարթ։ Այցելում է Ազովսկիներին, ծանոթանում է Ալինայի հետ. մի քանի անգամ զբոսնում է նրա հետ և ահա նա հափշտակված է։ Հափշտակվում է, արդյոք, Ալինան ևս լրջորեն — մինչև այսօր պարզված չէ։ Բայց նրա թախիծը մեղմանում է։ Նա հաշտվում է կյանքի հետ։ Նա նորեն մերձենում է աշխարհին։

Սրափիոնը նկատում է այս։ Սկզբում ուրախանում է, տեսնելով կնոջ վերակենդանանալը։ Բայց հետո սկսում է կասկածել ու խանդել և հետևում է Ալինային։ Մի օր նա չի կարողանում իրեն զսպել և իր բարեկամի որդուն ընդունում է ոչ սիրալիր։ Ալինան նրան հանդիմանում է, ասելով, որ իր