Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/324

Այս էջը հաստատված է

համար ոչ մի բան այնքան ատելի չէ, որքան կոպտությունը։ Այս հանդիմանությունն ավելի է գրգռում Սրափիոնի կասկածներն ու նա ասում է.

— Այո, ես վաղուց եմ նկատել, որ դու անտարբեր չես դեպի այդ երիտասարդը։

Ալինան ազնվությամբ և համարձակ պատասխանում է.

— Չեմ թաքցնիլ, Սպիրիդոնովն ինձ դուր է գալիս, բայց ես երբեք չեմ մոռանալ, որ քո ամուսինն եմ։

Սրափիոնը մի պահ հավատում է նրան, մինչև անգամ ներումն է խնդրում Ալինայից։ Բայց միայն մի պահ։ Շուտով չար կասկածները պաշարում են նրան այնպես, որ նա սկսում է կորցնել իր զգացումների ու մտքի հավասարակշռությունը։

Վերջապես, մի օր տուն վերադառնալով, նա տեսնում է, որ Ալինան դաշնամուրի քով նստած նվագում է, իսկ Սպիրիդոնովը երգում է։ Երկուսն էլ այնքան հափշտակված են լինում, որ չեն նկատում նրա սալոն մտնելը։ Նա կատաղում է, բայց կարողանում է զսպել իրեն։ Միայն առանց հյուրին բարևելու, լուռ անցնում է յուր առանձնասենյակը:

Ալինան շարունակում է երգել, կամենալով թե՛ հյուրից թաքցնել ամուսնու խանդոտությունը և թե՛ ամուսնուն ցույց տալ, որ չկա իր արածի մեջ ոչ մի հանցանք, որ դա մի անմեղ զվարճություն է երկու երիտասարդ էակների համար, որ պաշտում են երաժշտությունն ու երգը։

Բայց ամուսինն այլ կերպ է հասկանում Ալինայի վարմունքը։ Նա կարծում է, որ դա մի հանդուգն արհամարհանք է դեպի իր համեմատական ծերությունը։ Արհամարհանք քսանուերեք տարեկան մի կնոջ դեպի քառասունութ երկու տարեկան տղամարդը։ Արհամարհանք մի երրորդ անձնավորության, այն էլ մի երիտասարդի ներկայությամբ և գուցե նրա պատճառով իսկ։

Նա դուրս է գալիս իր առանձնասենյակից գրգռված ու գունատ։ Նա չի կարողանում յուր խանդը զսպել և հուզված ձայնով ասում է.

—Ալինա, բավական է։

Ալինան ժպտում է, մի փոքր ևս նվագում է և հետո միայն