Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/326

Այս էջը հաստատված է

զբոսավայրում Սպիրիդոնովի հետ, մի ծառի ստվերի տակ նստած։ Նա չի կարողանում զսպել իր խանդը և կարճատև բացատրության ժամանակ վիրավորում է երիտասարդին։ Սպիրիդոնովը նրան հրավիրում է մենամարտության, մյուս օրն ևեթ ուղարկելով Սրափիոնին երկու սպա։ Բայց մենամարտությունից առաջ նա ուղարկում է մի նամակ Ալինային՝ մի փունջ վարդերի հետ։ Նա գրում է.

— Տիկին, ասում են, որ դեղին վարդը ատելության նշան է։ Բայց ես միշտ գերադասել եմ այս գույնը բոլոր գույներից։ Այսօր որոշվում է իմ ճակատագիրը։ Գուցե ես գնամ հավիտենականություն անդառնալի։ Թող այս վարդերը լինեն իմ մաքուր սիրո վերջին նշանը։ Մնացեք բարով...

Նամակը փնջի հետ բերում է մի շքեղ հագնված աղախին և գաղտնի հանձնում է Ալինային։

Իրիկնադեմին Սրափիոնը տուն է վերադառնում անսովոր հուզված։

Ալինան նրա դեմքից արդեն գուշակում է կատարված դրաման։ Նա ոչինչ չի ասում. նայում է լուռ իր ամուսնու երեսին և անցնում իր բուգուարը։ Ամբողջ գիշեր նա չի դուրս գալիս այնտեղից։ Աղախինը մի քանի անգամ մտնում է նրա մոտ զանազան պատրվակներով և ամեն անգամ տեսնում է Ալինային անշարժ նստած ու աչքերը հառած դեղին վարդերի փնջին։

Այդ պահին Ալինան ընդհատում է իր բոլոր կապերն աշխարհի հետ։ Օրը մինչև երեկո իր սենյակում փակված նա ոչ մի տեղ չի գնում և ոչ ոքի չի ուզում ընդունել։ Ո՛չ ամոթից, այլ վշտից։

Աղախինն ասում է, որ նա մի ամիս շարունակ կրկնում է.

— Դու սպանեցիր մի անմեղի, դու չունեիր իրավունք ձեռք բարձրացնելու այդ խեղճ տղայի վյա: Ի՞նչ պատասխան պիտի տաս աստծուն։

— Իմ խիղճը հանգիստ է. մի պատվասեր ամուսին չէր կարող ուրիշ կերպ վարվել,— պատասխանում է ամեն անգամ Սրափիոնը։

— Ոչ, ոչ, քո խիղճը չի կարող հանգիստ լինել, որովհետև