Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/335

Այս էջը հաստատված է

Մի ծերունի քահանա դուրս եկավ համր քայլերով ու հեռացավ։ Անշուշտ նա հաղորդություն էր տվել Ալինային: Աղախինը լալիս էր։ Մի անգամ միայն Ալինայի ամուսինը երևաց լուսամուտներից մեկի առջև, նայեց մի քանի վայրկյան դեպի փողոց ու հեռացավ։ Աստվա՜ծ իմ, ոչ մի փոփոխություն այդ դեղնագույն, անշարժ դեմքի վրա։ Նույն քարացած նայվածքը՝ ոսկրոտ ճակատի տակից։

Բժիշկ Ախուրյանը դարձյալ լռեց։ Ես սպասում էի նրա պատմվածքի վերջին։ Բայց նա լուռ էր և արտասովոր հայացքով նայում էր հեոու ու հեռու։

— Դուք գնացի՞ք նրա թաղմանը,— հարցրի ես նրա ծանր լռությունը ընդհատելու համար։

— Ալինային չթաղեցին։

— Ինչպե՞ս։

— Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդավայրը, Ղրիմ։ Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը։ Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից՝ իր կնոջ հետ և տանտիրուհուցս։ Ո՞վ էր ճանաչում Ալինային։ Ես տեսա նրան մոտիկից։ Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա։ Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ։ Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին։ Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը։ Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը։ Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից։ Զգացի, որովհետև երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես, մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով։ Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երեսը դարձնելով ինձնից։ Իսկ նա, դագաղի ապակու միջից ժպտաց ինձ։ Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով, որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա։ Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ մինչև գերեզման պիտի հետևե ինձ և ո՛վ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն։ Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ