— Այն ժամանակ կկաշառենք նրանց գլխավորներին։ Կաշառքով ամեն ինչ կարելի է անել։
— Դու կարծու՞մ ես։
— Ես համոզված եմ։
— Սխալվում ես։ Հայաստնում նրանց վրա կաշառքը չազդեց, այստեղ ել չի ազդի։ Ո՛չ, նրանք մեզ կկոտորեն, ավելի լավ է, որ գան ու մեր երկրին տիրեն անիշխանականները։
— Հիմար ես ծնվել ու հիմար ել գերեզման կգնաս,— գոչեց Մատթեոսն այս անգամ բարկացած։ Ես ատում եմ անիշխանականներին և զզվում նրանցից։
— Ինչո՞ւ։
— Որովհետև նրաք աստված չեն ճանաչում։
— Այսինքն սեփականությո՞ւն,— արտասանեց Թադեոսը ժպտալով։
— Այո, սեփականություն։ Այդ անօրենները կխլեն մեզանից մեր հարստությունը, մեր կայքերն ու գույքերը, ու մենք կմնանք չոր տափի վրա։
— Թող մնանք, սոված չենք մնա, կապրենք մի կերպ։
— Առանց սեփականության չենք կարող ապրել։
— Միլիոն ու միլիոններ մարդիկ են ապրում առանց սեփական տների ու կայքերի, ինչո՞ւ մենք չենք կարող ապրել։ Մատթեոս, ես միշտ քեզ ասել եմ և այսօր էլ կրկնում եմ. թող այդ փողապաշտությունդ գոնե այդ հասկանում, երբ մի ոտդ գերեզմանումն է։ Զավակներիդ կյանքն ավելի թանկ համարիր, քան հարստությունը։
— Առանց հարստության նրանց կյանքը խնձորի կճեպին չարժե։ Թող կորչեն քո անիշխանականները։ Եթե լիներ իմ ձեռքում զորություն, կհրամայեի նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին այրել խարույկի վրա և նրանց մոխրով կծածկեի փողոցների սալահատակը։
— Ուրեմն, թող գա՞ն թուրքերը։
— Թող գան, ես կկաշառեմ նրանց գլխավորներին։
— Այդ դու, իսկ նրանք, որ կարողություն չունեն կաշառելու։ Նրանք պիտի կոտորվե՞ն։