կամացուկ դնե նրանց հատակի վրա։ Ես տանջվեցի նրա անիծյալ կոշիկներից։ Օգնեցեք ինձ, ի սեր աստծու։
— Շատ բարի,– համաձայնեց բնակարանի տերը և նույն օրն ևեթ կատարեց հիվանդոտ մարդու խնդիրը։
— Ախ, — ասաց կենսախինդ մարդը,— վարում կենող պարոնն ուզում է, որ ես կոշիկներս կամացո՞ւկ դնեմ հատակի վրա: Ուրախությամբ. ասացեք, որ այդպես կանեմ ամեն գիշեր:
Եվ, իրավ, այդպես էլ արավ ամբողջ մի շաբաթ։ Վարի կենողը հանգստացավ։
Սակայն մի գիշեր վերի կենողը տուն վերադարձավ արբած։ Մոռանալով իր խոստումը բնակարանի տիրոջը, հանեց կոշիկը և ուժգին նետեց հատակի վրա։ Նույն վայրկյանին նա հանկարծ հիշեց վարի կենողին և իր խոստումը: Նա երկրորդ կոշիկը դրեց հատակի վրա կամացուկ ու պառկեց քնելու։
Առավոտյան լույսը չբացված հանկարծ դղրդացին նրա սենյակի դռները։ Շեմքի վրա երևաց վարի կենողը գիշերային հագուստով աչքերն արյուն կոխած, մազերը գզգզված, գունատ, դողալով։
— Ի՞նչ եք կամենում, պարոն,— հարցրեց վերի կենողը սարսափած։
— Ես եկել եմ իմանալու, վերջապես ե՞րբ պետք է դուք հանեք ձեր երկրորդ կոշիկը և ձգեք հատակի վրա։ Խեղճ մարդը մինչև լույս չէր քնել, սպասելով երկրորդ կոշիկին։ Կատարյալ նույն վիճակումն ենք մենք հայերս։ Առակն անխոցելի է, անեկդոտը չի սիրում բացատրություններ:
Թող յուրաքանչյուր ընթերցող բացատրե, ինչպես գիտե…