Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/345

Այս էջը հաստատված է
ՀԱՅՐՆ ՈԻ ՈՐԴԻՆ

Սիմոնը չքավոր էր և գիտեր, որ չքավորությունն ամոթալի բան չէ։ Բայց գիտեր նաև, որ եթե մարդ չաշխատի, նրա լուծը տանել պատվով, կարող է դառնա ամոթալի։

Արհեստով Սիմոնը գրաշար էր և, իհարկե, ստիպված էր կարդալ այն բոլորը, ինչ որ շարում էր։ Տպարանատերը լուրջ գրքերն ու գրքույկները նրան էր տալիս շարելու, որովհետև նրան էր համարում ամենից գրագետ և ամենից բարեխիղճը։ Քսանումեկ տարվա ընթացքում Սիմոնը կարդացել էր բավականաչափ խելոք բաներ և շատ էր մտածել։ Նա բոլոր հեղինակներին հավասար հարգանքով չէր վերաբերվում։ Իր տեսակի քննադատ էր։ Առանձնապես խստապահանջ էր բարոյախոսների վերաբերմամբ։ Նրա համոզմունքով գրողն ինքը նախ և առաջ պիտի լինի այն, ինչ որ պահանջում է ուրիշներից։ Այլապես գրողն արժեք չուներ նրա աչքում։ Չսիրած հեղինակների գործերը շարելիս՝ Սիմոնի նեղ, նիհար ու պղնձագույն դեմքի վրա շարունակ խաղում էր մի հեգնական ժպիտ։ Նա իր մտքում ասում էր.

— Ստի՛ր, ստի՛ր, բարեկամ բայց ես քեզ լավ եմ ճանաչում։ Մի անգամ նա, ընդհարվելով մի ինչ-որ խմբագրի հետ, ասաց.

— Եթե դուք լավ մարդ լինեիք, այդքան չէիք շողոքորթի մեծամեծներին։