Սակայն երբեմն չէր կարողանում կատաղությունը զսպել և իր խրատները ավարտում էր սպառնալիքով։
— Եթե քեզ դպրոցից դուրս անեն, քեզ կսպանեմ։
Վահանը, որ արտաքուստ իր մոր պատճենն էր իր լայն երեսով, նեղ ճակատով, տափակ քթով ու իրարից շատ հեռու տեղավորված աչքերով, լսում էր նրան լուռ, գլուխը կրծքին թեքած։ Նա միանգամայն հանգիստ էր, որ Սիմոնը երբեք ձեռ չի բարձրացնի որդու վրա։ Քի՞չ կան փողոցում թափառող ծույլ տղաներ որոնց ղրկել են ուսումից. որ մեկն է սպանվել դրա պատճառով։ Բայց Վահանը, բացի ծույլ լինելուց, և անհանգիստ էր ու չար։ Ինքը դասերը չպատրաստելով, խանգարում էր և ընկերներին։ Երկրորդ անգամ Սիմոնը, դպրոց կանչվելով, մանկավարժական խորհրդից լսել էր հետևյալ սպառնալիքը.
— Եթե դուք չուղղեք ձեր որդուն, ստիպված կլինենք նրան արձակել։ Այդ տեսակ աշակերտները Դպրոցի չարիքն են։ Մի երեկո, տպարանից տուն գալով, լսեց, որ դարձյալ իրեն դպրոց են կանչել։
— Սիրտս վկայում է,— ասաց նա Շողիկին,— որ այս անգամ այդ անպիտանին դուրս են անելու դպրոցից։
— Քանդվի նրանց դպրոցը, ու իրենք էլ գետինը մտնեն, — գոչեց Շողիկը։— Շատ են փքվում իրենց տված ուսումով։
Երբ Վահանը երևաց, Սիմոնը այնպիսի երկարատև ու խոր թափանցող մի հայացք ձգեց նրա վրա, որից մի ուրիշ զավակ կդողար։ Բայց Վահանի անտարբեր ու բութ դեմքի մի մկանն էլ չշարժվեց։ Միայն նրա աչքերի բիբերը ծռվեցին մի կողմ, և սպիտակուցները պսպղացին շիկացած երկաթի պեծերի պես։ Հայրն էր, որ սարսափեց որդու աչքերից։ Այդ աչքերը լավ բան չէին խոստանում նրան։ Հետևյալ առավոտ Սիմոնը բանվորական կապույտ շապիկի փոխարեն հագավ իր տոնային հագուստը օսլայած շապիկով և գնաց դպրոց, կանխապես մտնելով տպարան և տիրոջից մի ժամվա արձակուրդ խնդրելով։ Նրա սիրտն ուժգին բաբախում էր ամոթի զգացումից։ Ի՞նչ պատասխան պիտի