Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/349

Այս էջը հաստատված է

տա նա մանկավարժներին, ինչո՞վ պիտի պաշտպանե ու արդարացնե իրեն ու իր որդուն։

Նա ստիպված եղավ սպասել գրեթե մի ամբողջ ժամ, որովհետև առաջին դասը նոր էր սկսվել, երբ նա մտավ դպրոց։

Վերջապես, լսվեց զանգակի ձայնը։ Աշակերտները աղմուկով դուրս թափվեցին բոլոր դասարաններից միաժամանակ, ինչպես մեղուները փեթակից, և դպրոցի բակը լցրին աղմուկով։ Սիմոնն աչքերով փնտրեց Վահանին ու չգտավ։ Այս հանգամանքն ավելի սաստկացրեց նրա անհանգստությունը։ Նա սկսեց ամաչել աշակերտներից անգամ։ Նրան թվաց, որ յուրքանչյուր պատանի մտքում ծաղրում է ու խղճում իրեն։

Նրան կանչեցին ուսուցչական սենյակը։

Այստեղ կանաչ կերպասով ծածկված երկայն սեղանի քով նստած էին միայն տեսուչն ու մի վերակացու։ Սիմոնը ներս մտավ անվստահ քայլերով, խոնարհ գլուխ տվեց ու կանգնեց դռների առջև։

— Առաջ եկեք,— հրավիրեց տեսուչը, մի չափազանց նիհար մարդ, կարճլիկ ալեխառն մորուքով։

Նրա ձայնը Սիմոնին թվաց չարագուշակ, և, նայելով նրա կնճռոտված ճակատին, զգաց, որ այս անգամ լսելու է ավելի վատ բան։

Նա չէր սխալվում։

— Պարոն Մուրադյան,— արտասանեց տեսուչը չոր ու կոշտ ձայնով,— մանկավարժական խորհուրդը որոշել է ձեր որդուն արձակել դպրոցից։ Ցավում ենք, իհարկե, բայց այլևս չենք կարող նրան պահել։

Հարվածը զորեղ էր, բայց Սիմոնն արդեն պատրաստվել էր նրան ընդունելու։ Նա չէր գուշակում, որ իրեն սպասում է մի ուրիշ ավելի զորեղ հարված։

— Ծուլության ու չարության պատճառո՞վ եք արձակում իմ որդուն,— հարցրեց հազիվ լսելի ձայնով։

Տեսչի դեմքով սահեց մի հեգնական ժպիտ։

— Դժբախտաբար,— ասաց նա ճակատը շփելով,— ձեր որդու ախտը միայն ծուլությունն ու չարությունը չեն։

— Հապա՞։