Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/35

Այս էջը հաստատված է

աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ ասաց.

— Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը։ Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է։

— Նա նվիրել է ձեզ այդ գրիչը որ նամակներ գրեք իրան,— ասացի ես։

— Այո, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան հետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լինի:

Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամին: Մենք, սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի, Լևոնն ամենից առաջ եկած կլինի այնտեղ։ Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ։ Այս անսպասելի էր. ի՞նչը կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:

Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը:

— Նա շատ ազնիվ մարդ, է,— ավելացրեց տանտիրուհիս ուրախ֊ուրախ,— հարազատ եղբոր պես կնայի Լուիզային։ Ես աղջկանս բաց չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն։

Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով, որ մինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով։ Մի վայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր, հրճվում յուր ճամփորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանում առանձին-առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով և այդ հույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց հետո նա կվերադառնա մշակված, կատարելագործված ձայնով, կսկսի երգել օպերայում։ Տեսեք, ինչպիսի աջողություն կունենա, ո՜րքան երկրպագուներ:

— «Իսկ նա՞,— անցավ մտքովս ակամա,— նրա մասին չե՞ս մտածում»: