Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/350

Այս էջը հաստատված է

— Նա գող է։

Սիմոնը ցնցվեց, մի քայլ ետ կանգնեց ու գլուխը հպարտ բարձրացնելով, արտասանեց.

— Պարոն տեսուչ, ես ձեզ խնդրում եմ չանարգել իմ որդուն։

— Պարոն Մուրադյան, ձեր որդին գող է կրկնեց տեսուչը, յուրաքանչյուր բառը առանձին շեշտելով։— Մենք նրա մասին կասկածներ ունեինք դեռ անցյալ տարի, հիմնվելով մի քանի աշակերտների գանգատների վրա։ Բայց չէինք կարող առանց ապացույցների հավատալ, որ ձեզ նման մի ազնիվ մարդու որդին կարող է այդպիսի ախտ ունենալ։ Դժբախտաբար, այսօր մեր ձեռքում կան անհերքելի փաստեր, ուստի որոշեցինք դպրոցն ազատել մի ախտավորից։

— Բայց ի՞նչ է գողացել իմ որդին և ո՞ւմից է զողացել,— հարցրեց Սիմոնը։

— Պարոն Ջանամյանց,— դարձավ տեսուչը վերակացուին,— կարդացեք ձեր կազմած «ցուցակ-հանցանացը»։ Վերակացուն, որ մի ակնոցավոր ծերունի էր, վերցրեց իր առջև դրած թուղթն ու կարդաց։ Ապացուցված էին ու վկաներով հաստատված ինը դեպքեր գողության, որոնցից ամենափոքրն էր մի ռուբլի, ամենամեծն մի արծաթյա ժամացույց՝ վերջին դասարանի մի աշակերտից։ Յուրաքանչյուրը մուրճի մի-մի հարված էին Սիմոնի համար։ Նա լսում էր գլուխը կրծքին թեքած, շունչը զսպած, ոտքից մինչև գլուխ դողալով։

Երբ վերակացուն ավարտեց, Սիմոնը հարցրեց.

— Այդ գողությունները խոստովանել է իմ որդին։

— Մի քանիսը, այո,— պատասխանեց վերակացուն։

— Գողացած իրերից կամ փողերից ոչի՞նչ չի վերադարձրել։

— Բացի մի զմելիից, ոչինչ չէ վերադարձրել։

— Ո՞րքան է ձեր կարծիքով գողացած փողերի գումարը։ Ժամացույցն էլ հաշվեցեք։

— Փողերի գումարն է վաթսունևհինգ ռուբլի, իսկ ժամացույցն արժեր ոչ պակաս, քան տասնևհինգ ռուբլի։ Սիմոնը քրքրեց իր գրպանները։ Գտավ ընդամենը տասնմեկ