Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/352

Այս էջը հաստատված է

Կուլ տալով մի քանի կում ջուր, Սիմոնը կարողացավ ուշքը փոքր-ինչ ժողովել և տխուր եղելությունը պատմեց։

Շողիկը կատաղեց ու սկսեց հայհոյել տեսչին, վերակացուին, բոլոր աշակերտներին և ամբողջ դպրոցը։ Սուտ են ասում ամենքը, Վահանը ոչ ոքից և ոչինչ չի գողացել: Նրան ստիպել են, վախեցրել, և ինքն իրեն զրպարտել է։ Վերջապես, եթե իսկապես նա մեկից կամ մյուսից գողացել է մի քանի կոպեկ, ի՜նչ մեծ հանցանք է։ Երեխա է, չի հասկանում։ Մի՞թե դրա համար կարելի է զրկել նրան ուսումից։

— Բավակա՛ն է, կին, բավակա՛ն է,— գոչեց Սիմոնը, չկարողանալով այլևս լսել իր կողակցի բարբաջանքները։ — Կանչիր այստեղ անզգամին։

Վահանը խոհանոցումն էր: Շողիկը բռնեց նրա թևից ու ուժով տարավ Սիմոնի մոտ, ասելով.

— Մի վախենար, ես չեմ թողնի, որ նա քեզ ծեծի։

Կարիք չկար Վահանին պաշտպանելու, Սիմոնը մտադիր չէր նրան ծեծելու։ Նա նույնիսկ չնախատեց նրան։ Նա միայն նայեց նրա երեսին և ասաց դառն հեգնությամբ։

— Շնորհակալ եմ, որդի, դու լավ վարձատրեցիր քո հորը։

Վահանը հասկացավ հոր կծու ծաղրը և հոգով ուրախացավ, որ այդպես հեշտ է ազատվում։ Նա բոլորովին վշտացած չէր, որ իրեն արձակել են դպրոցից։ Նա վաղուց էր սպասում այդ։ Վաղուց էր ձանձրացել ու զզվել ուսումից։ Նրա ուշ ու միտքն ուրիշ տեղ էր։ Նա ուներ ավելի ուրախ շրջան, քան դպրոցական ընկերները։

Սիմոնը չգիտեր, որ ահա մի տարի է, ինչ որ իր որդին կրթվում է մի ուրիշ դպրոցում…

Խայտառակ եղելությունն այնքան էր ներգործել Սիմոնի վրա, որ ամբողջ մի շաբաթ նա գործի չգնաց։ Բայց հարկավոր էր գնալ և, վերջապես, մի օր գնաց։ Տպարանատիրոջ հարցերին նա պատասխանեց հակիրճ.

— Հիվանդ էի։

Ընկերները նկատեցին, որ մի շաբաթվա մեջ նա մի քանի տարով ծերացել է։ Նա ոչինչ չասաց։ Նա չէր ուզում խոսել ոչ ոքի հետ։ Գլուխը քաջ աշխատում էր, խույս տալով ընկերների