Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/353

Այս էջը հաստատված է

հայացքներից անգամ։ Բնազդմամբ զգում էր, որ արդեն ամեն բան հայտնի է նրանց։ Եվ չէր սխալվում։

Ամբողջ օրը Սիմոնը և Վահանը իրարու չէին հանդիպում ու չէին ուզում հանդիպել։ Առավոտները Սիմոնն աշխատում էր տնից ավելի վաղ դուրս գալ, քան Վահանը կզարթներ։ Ճաշի միջոցին նույնպես չէին հանդիպում։ Շողիկը Վահանին կերակրում էր մյուս սենյակում կամ խոհանոցում, վախենալով Սիմոնի տարօրինակ մռայլ տրամադրությունից։ Երեկոները Վահանը տուն էր գալիս այն ժամանակ, երբ Սիմոնը քնած էր կամ ձևացնում էր, թե քնած է։

Գրեթե ամեն օր Վահանն իր մորը տալիս էր մի որոշ գումար։ Թե ինչպես և որտեղ էր վաստակում այդ փողերը՝ չէր ասում։ Շողիկը մի քանի անգամ հետաքրքրվեց իմանալ և, որոշ պատասխան չստանալով, լռեց։

Վահանն ասել էր.

— Եթե հայրիկին հայտնես, որ ես քեզ փող եմ տալիս, մի կոպեկ չեմ տա։

Եվ Շողիկը չէր հայտնում։

Մի օր Վահանը տուն եկավ ծեծված ու ջարդված, դեմքն արյունաշաղախ։ Մոր համառ հարցերին նա, տատանվելով ու կակազելով, պատասխանեց, թե տրամվայից է ընկել։ Եվ երեք օր տանը մնաց պառկած։ Տպարանում Սիմոնի ընկերներից մեկն ասաց նրան, որ ինքը տեսել է, թե ինչպես ամբոխը հարձակվել ու ծեծել է Վահանին։

Բայց ինչո՞ւ — չասաց։ Մի ուրիշ օր Վահանը տուն եկավ հարբած և, գրպանից դուրս բերելով մի քանի հարյուրանոց թղթադրամներ, շպրտեց մորը.

— Վերցրու, — ասաց նա, — այսօր գործերս լավ են գնացել և հաղթությունս տոնել եմ։

Շողիկի աչքերն ագահությունից պսպղացին։ Նա չհարցրեց անգամ, թե այդ ինչ գործեր են։

Ամիսներ անցան։ Սիմոնը տակավին լուռ էր ու մռայլ։ Բայց նրա անհանգիստ ուղեղը գործում էր գիշեր-ցերեկ։ Հազար ու մեկ մտքեր, միմյանցից սոսկալի, գալիս ու անցնում էին նրա գլխովին և նա ավելի էր խորասուզվում իր մեջ։ նա զգում էր, թե Վահանն ինչով է զբաղված այժմ։ Նա սարսափում էր


Ալեքսանդր Շիրվանզադե, Երկերի ժողովածու, V—23