Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/357

Այս էջը հաստատված է

ԳՐԱԶ

Նրանք վեց ընկերներ էին, գրեթե հասակակիցներ։ Յուրաքանչյուրն ուներ որևէ արհեստ, որով և ապրում էր։ Ինչ որ վաստակում էին, անմիջապես վատնում էին։ Ի՞նչ կարիք կար վաղվա մասին մտածելու, քանի որ երիտասարդներ էին և ամուրի։ Հավատարիմ ընկերներ էին, սիրում էին իրարու նամանավանդ քեֆերի ժամանակ, իսկ քեֆեր անում էին շատ հաճախ։

Պատահեց այնպես, որ վեց ընկերներից մեկը հիվանդացավ ու մեռավ։ Մահվան դեմ խոչընդոտներ չկան, բոլոր դռները բաց են նրա համար։ Այսպես փիլիսոփայեցին հինգ ընկերները և վեցերորդի մահն ընդունեցին որպես մի բնական տուրք հավիտենականությանը։ Շատ տխրեցին, բայց բոլորովին առանց աղմկելու, մանավանդ արտասվելու։ «Արտասուքը տղամարդին չի սազում»,— ասացին։

Այն քաղաքում գերեզմանատունը գտնվում էր հեռավոր բլուրի վրա։ Սովորաբար գերեզմանները փորել էին տալիս թաղումից մի օր առաջ, որպեսզի թաղման օրը հուղարկավորները շատ չհապաղեն գերեզմանատանը։

Հինգ ընկերները, վեցերորդի դիակն ըստ սովորության մի օր առաջ եկեղեցի տանելով, գնացին մերձակա գինետուն հանգուցյալի հոգեթասը խմելու։ Աշուն էր, ցուրտ ու խոնավ երեկո։ Գավաթ գավաթի ետևից դատարկելով, գլուխները տաքացան։