Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/358

Այս էջը հաստատված է

Խոսք բացվեց առհասարակ մեռելների, ուրվականների գերեզմանատների և այնտեղ թափառող ոգիների մասին։ Բոլորն էլ տոգորված էին իրենց միջավայրի նախապաշարմունքներով և սնոտիապաշտությամբ։ Վիճաբանում էին, բայց ամենքն էլ նույն հավատի էին, թե հոգիները չեն մեռնում, և ոչ միայն այդ, այլև երկար Ժամանակ թափառում են երկրի վրա մինչև դեպի հավիտենականություն անցնելը։

Սեղանի ամենատաք միջոցին ընկերներից մեկը, որի անունն Աղասի էր, ասաց.

— Տղերք, ես ուզում եմ մի գրազ առաջարկել ձեզ, կնդունե՞ք։

— Ասա տեսնենք,— գոչեցին ամենքը միաձայն։

— Ո՞վ կարող է ձեզնից այս րոպեին գնալ գերեզմանատուն և վերադառնալ։

Ընկերները նայեցին իրարու երեսի։ Հարցը բավական անսպասելի էր։ Գնալ այս անձրևային, ցուրտ գիշերին՝ ուր կամենաք կարելի է, բայց գերեզմանատո՜ւն — այդ դյուրին բան չէ։ Չէ՞ որ խոսվեց, թե գերեզմանատները գիշերները լեցուն են թափառող ոգիներով, որոնց հանդիպելու համար հարկավոր է բացառիկ քաջություն։ Բացի դրանից, չէ՞ որ հայերի գերեզմանատուն հասնելու միակ ճանապարհը թուրքերի գերեզմանատան քով է։ Մինչև այսօր դեռ ոչ ոք այդ ճանապարհը գիշերով չի անցել։

— Ես կարող եմ գնալ,— ընդհատեց ընդհանուր լռությունը մեկն ընկերներից, որ ամենից շատ էր խմել և ամենից քիչ հարբել։— Ինչո՞վ ես զրազ գալիս։

— Հինգ թունգի գինով և մի լավ ճաշ։

— Գալիս է։

— Տղեք, վկա եղեք։

— Թո՛ղ, Սարգի՛ս, հիմարություն մի արա,— գոչեցին մյուս ընկերները միաձայն։ Աղասին կատակ է անում։

— Ամենևին,— ասաց Աղասին,— ես կատակ չեմ անում, կարող եմ երդվել մեր ընկերոջ դիակով։

Ապա դառնալով Սարգսին, ավելացրեց․

— Ահա քեզ, վերցրու այս չախուն, տար և գցիր մեր ընկերոջ գերեզմանի մեջ։ Եթե վաղը թաղմանը գնալով, այդ