Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/371

Այս էջը հաստատված է

Խումբն ազդվելով այդ խոսքերից, դադարեց անհամարհանքով ժպտալ և հետաքրքրվեց մարդով։

— Բայց ի՞նչ է այդ ամենահաղթ զորության անունը,— հարցրեց Լեոն Շահնազը։

— Նա անուն չունի կամ սխալ են այն բոլոր անունները, որ մարդիկ տալիս են նրան։ Բայց ամեն ինչ կախված է նրանից։ Նույնիսկ մեր ծնունդը ուրիշ ոչինչ է, եթե ոչ նրա քմահաճույքը։ Նա և միայն նա է մեզ դարձնում այն, ինչ որ չպիտի լինեինք և երրեմն ա՛յն, ինչ որ հակառակ է բնության օրենքներին։ Մենք ամենքս, ամենքս ենթակա ենք նրա հաճույքներին։ Իսկ այդ քմահաճույքները որքան բազմատեսակ, նույնքան և անքննելի ու անհասկանալի են։ Նա է, որ խորտակում է մեր ամենաիմաստուն ծրագրերը ե ոչնչացնում մեր ամենազգաստ ենթադրությունները: Նա է, որ մեկի կյանքը վարդերով է զարդարում, մյուսինն աղավաղում է և այլանդակում: Նա է, որ ամենազոր համարվածին դրձնում է տկար ու ծիծաղելի և ամենաթույլ համարվածին թելադրում է անել այն, ինչ որ դուք կհամարեիք հերոսություն։ Ա՛հ, պարոննե՛ր, պարոններ, դուք նայում եք ինձ տարակուսանքով և գուցե մտածում եք «այդ մարդու ուղեղը խանգարված է»։ Ո՞վ գիտե, թերևս ունիք իրավունք այդպես մտածելու, բայց, պարոննե՛ր, գիտցե՛ք, որ այս անիրավ կյանքը մի փոս է, ուր ձեր զորավորներից շատ շատերն են կոտրել իրենց ոտքերը։

Մարդը կանգ առավ, մտածեց մի քանի վայրկյան, մի քանի կաթիլ գինի խմեց և շարունակեց.

— Պարոննե՛ր, ձեզնից յուրաքանչյուրը իր կյանքից ու տեսած-լսածներից պատմեց մի արկած, կլսե՞ք, եթե մեկն էլ ես պատմեմ իմ կյանքից։ Միայն մեկը, ուրիշը չեմ ունեցել։

— Ինչո՞ւ չէ, հետաքրքրական է. կարող եք պատմել,— շտապեց ասել Լևոն Շահնազը, և նույնը կրկնեցին մյուսները։

— Նախ և առաջ, պարոննե՛ր, թույլ տվեք ասել, որ ձեր առջև նստած է մի ոճրագործ, այո՛, այո, մի զարմանաք։ Ոճրագո՛րծ, այս վտիտ մարմինը, որին ձեզնից մեկն անվանեց զուրկ ուժից։ Լսե՛ք, ես ի ծննդե մի համեստ արարած էի, ո՛չ օգտակար, ո՛չ վնասակար, այլ այնպես, մարդկային ստվեր։ Անվճռական, տատամսոտ, միշտ ձգտում էի ստվերի: