ինձ նման մեկը։ Մի օր ես այդ մասին խոսեցի այրիի հետ։
— Է՛հ, որդի,— ասաց նա,— ինձ ոչինչ հարկավոր չէ, բացի իմ աղջկա բախտավորությունից։
Ավելի պարզ ակնարկ չէր կարող լինել,— այրին փափագում էր, որ ես ամուսնանամ իր դստեր հետ։ Եվ ես զգում էի, որ օրիորդը դեմ չէր մոր ցանկությանը։
Ավելացրեք, պարոննե՛ր, և այն, որ ամիսուկես օր ու գիշեր տեսնելով անկողնիս քով մի հոգատար էակ, իր փայլուն ժպիտներով, այնքան էի ընտելացել նրա մերձավորությանը, որ առողջանալուց հետո էլ պահանջ էի զգում վայելել այդ մերձավորությունը։ Եվ ահա մի ապաբախտ օր ես ամուսնացա ճիշտ այնպես, ինչպես ամեն օր ամուսնանում են ինձ նման շատերը, դարձյալ իմ ասած անհայտ զորության շնորհիվ։
Մարդը նորեն կանգ առավ, նորեն հառաչեց ու շարունակեց.
— Զգում էի, որ կինս ինձ չի սիրում, այլ իր մոր լուծը թեթևացնելու համար է իր կյանքը կապել ինձ հետ։ Սակայն հանգիստ էի, վասնզի չէի երևակայում անգամ, թե նա կարող է մի ուրիշին սիրել և ինձ դավաճանել։ Ավանակ էի, ավանակ։ Պաշտոնակիցներս գալիս-գնում էին, և կինս ամենքին վերաբերվում էր հավասարապես․ որպես տանտիկին՝ վերին աստիճսի հյուրընկալ, որպես կին՝ միանգամայն անտարբեր դեպի տղամարդը։
Միայն մեկը կար (Սմբատ էր անունը), որի հետ նա միշտ վիճաբանում էր և շարունակում հակաճառել նրա ասածներին։
Մի օր հարցրի.
— Սիրանույշ, ինչո՞ւ ես այդ տղային այդպես հալածում։
— Որովհետև ատում եմ նրան։
— Ատո՞ւմ ես, ինչո՞ւ։
— Չգիտեմ, քո պաշտոնակիցների մեջ նա միակ հակակրելին է, ատում եմ, ատում եմ, ինչպես կարող է ատել մի կին մի տղամարդի,— կրկնեց նա կատարյալ մանկական անմեղությամբ։
— Տնակը,— շարունակեց մարդը մի բաժակ ևս խմելուց