Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/375

Այս էջը հաստատված է

«ատում էր»։ Թփերը իրարուց բաժանելով, անցա այն կողմը։ Այնտեղ, այն փայտյա նստարանի վրա, ուր ես շատ երջանիկ ժամեր էի անցուցել, կարդալով լավագույն հեղինակներին և դիտելով իմ սիրուն վարդերը, նստած էին նրանք։ Հանգի՞ստ։ Ո՜չ, այլ գրկախառնված և այնպես ամուր, այնպես ամուր, որ կարծես ձուլվել էին ու մի մարմին դարձել: Ա՛հ, այդ խելացնոր համբույրները, երբեք նմանը չէի ունեցել կյանքումս։ Նրանք թրի մի-մի հարվածներ էին իմ սրտին ուղղված։ Նրանք այնպես էին հալվել բուռն կրքերի բոցերի մեջ, որ ինձ չնշմարեցին։ Գլուխս պատեց, աչքերս արյունակալվեցին, մթագնեցին։ Սակայն ես պարզ տեսնում էի մի բան, միակն ամբողջ տիեզերքի մեջ։ Նա պսպղում էր մայր մտնող արեգակի մատնիչ շողերի ներքո։ Տապարն էր, որ նույն օրը ես մոռացել ու թողել էի նստարանի առջև գնվող սեղանիկի վրա։ Եվ երևակայեցե՛ք, այդ առաջին և միակ անգամն էր, որ մոռացել ու թողել էի այդտեղ, ուրիշ օրերը ես տապարս տանում էի գցում նկուղի մեջ։ Ես ճանկեցի նրան և երկու հարված տվեցի, միայն երկուսը, մեկը դավաճան կնոջս, մյուսը նրան, իմ ընկերոջն ու բարեկամին:

Երկուսն էլ տապալվեցին գետին, մի-մի սուր ճիչ արձակելով…

Պողոս Նուբարյանը լռեց։ Սեղանակիցները նայեցին իրարու, խորապես ազդված մարդու պատմությունից։

Լևոն Շահնազը հարցրեց.

— Ուրեմն դուք սպանել եք երկու հոգի՞։

— Երեք: Կինս հղի էր։

— Հետո՞։

— Մնացյալը հետաքրքրական չէ։ Ուշքի գալով, ես, իհարկե, անմիջապես գնացի և հանձնվեցի ոստիկանությանը։ Երդվյալների դատարանը, իմ ոճիրի մեջ մեղմացուցիչ հանգամանքներ տեսնելով, ինձ դատապարտեց ընդամենը հնգամյա աքսորի։ Այն էլ հետո կրճատվեց։ Բայց խնդիրն այդ չէ։ Դուք տեսա՞ք ամենազոր զորության արածը։