Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/377

Այս էջը հաստատված է
ՄԱՐԴԸ ԱՆԱՍՈԻՆԻ ՄԵՋ

Երբեք նա այնչափ հուզված չէր եղել, որչափ այդ օրը, նույնիսկ այն չարաբախտ պահին, երբ մարդիկ եկան հանկարծ, դուրս կորզեցին նրան երջանկության գրկից և ձգեցին զրկանքի, տառապանքների խավար աշխարհը։ Անհայտ, անծանոթ մարդիկ, որոնց նմանը նա երբեք չէր տեսել ու չէր երևակայել։

Նստած էր նա Պարիզի սրճարաններից մեկում, որ այցելում էր ամեն օր իր հայրենակիցների ու բախտակիցների հետ։ Այստեղ միաժամանակ, ավա՜ղ, շատ զվարճալի ժամեր էր անցուցել՝ անձնատուր հյուրիներին։

Մենակ էր, սովորականից կանուխ էր եկել, դիտմամբ: Ուզում էր գեթ մի ժամ լինել առանձին, ինքն իր հետ, հեռու թե՛ ընտանիքից և թե՛ իր բախտակիցներից։ Այդ մռայլ, թթված դեմքերից, որոնք վաղուց էին նրան ձանձրացրել իրենց անվերջ անեծքներով և մանավանդ հազար անգամ կրկնված հարցերով։

— Ե՞րբ պիտի այս բոլորը վերջանա, ե՞րբ պիտի վերադառնանք մեր տուն ու տեղը, ո՞վ կարող է մեզ օգնել և այլն, և այլն...

Այժմ նա զգում էր, որ այլևս չկա դարձ դեպի անցյալ կարգ ու կանոնները, որ ամեն ինչ կորած վերջացած է առմիշտ: