Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/379

Այս էջը հաստատված է

Երբեք նա իր ձեռը չէր զարկել սրտին։ Երբեք նա չէր նայել դեպի իր ներքին աշխարհը քննական հայացքով, երբեք իր առանձնության մեջ չէր խոսել իր հոգու հետ։ Չափազանց ամուր էր կառչած նրա միտքը շոշափելիին, նյութականին, որպեսզի կարողանար լուսո գեթ մի աղոտ շող ձգել հոգեկանի վրա։ Մարդկային վշտերն ու տվայտանքները իրենց հազարավոր ձևերով ու գույներով շարեշար անցել էին նրա աչքերի առաջ և առանց դիպչելու նրա հոգու որևէ թելին, սրտի որևէ լարին։ Գրանիտյա ժայռ էր նա այն անհատակ օվկիանոսի ափին, որ կոչվում է կյանք, այնքան կարծր, որ ոչ մի ալեկոծություն չէր կարող նրան մաշել։ Չկար նրա համար որևէ գրավիչ, որևէ հուզիչ բան, բացի այն բոլորից, որ կապ ունեին նրա անձնական երջանկության հետ։ Նույնիսկ իր մերձավորների բախտը գնահատում էր իր անձի հանգստության չափով։ Այսպես օրինակ, երբ նրա կինը կամ զավակները հիվանդանում էին, նա աշխատում էր տնից փախչել որևէ պատրվակով։ Հիվանդը նրան անհանգստացնում էր։

Նա չէր կեղծում, երբ ասում էր, թե իր «խիղճը հանգիստ է», վասնզի չէր կարող հանգիստ չլինել, մի բան, որ խորին թմրության մեջ էր։ նա ժպտում էր հեգնական հանգիստ ժպիտով, երբ իր մոտ խոսում էին կարեկցության կամ մարդասիրության մասին։ Ծաղրելով զգայուն մարդկանց, համարելով նրանց «թուլամորթներ», նա ասում էր.

— Մեր կյանքը կարճ է, ամեն մարդ ունի մի լուծ, որ մի կերպ տանում է, հիմարություն է ուսերի վրա վերցնել ուրիշների բեռը։

Ուրիշների մահը նրան ցավ չէր պատճառում, բայց իր կյանքի վախճանը սարսափեցնում էր նրան։ Դա մի սոսկալի ուրվական էր, որ մերթ ընդ մերթ ծառանում էր նրա առջև, մանավանդ այն պահերին, երբ ինքն իրեն զգում էր երջանիկ: Երբ նրա մոտ որևէ մեկը խոսում էր առհասարակ մահվան մասին, նա շտապում էր խոսողի բերանը փակել, ասելով.

— Ուրիշ նյութ չունե՞ս խոսելու, մահը զզվելի բան է:

Նրա ամբողջ էությունը, ամբողջ հոգին, նրա աստվածը, հավատը, ամեն ինչը, իր մարմինն էր։ Այստեղ էր ամփոփված