Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/38

Այս էջը հաստատված է

դուրս գալով այրու անվերջ անեծքներից,— նա ձեր ծախքը տալիս է, հերիք է, էլ ի՞նչ եք ուզում...

Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հեռու դրեց։ Երևի, շատ էի բարկացած, և նա չէր սպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի. ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնե այդպես էր համարում իրան։

— Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, ուր է գնում ամեն օր,— հարցրի ես, ձայնս մեղմացնելով։

— Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ։ Կիթառն էլ ամեն օր հետը տանում է։ Բայց ես կիմանամ՝ ուր է գնում, կիմանամ. չեմ թողնիլ որ կորչի հոր պես ...

Զարմանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին։ Ես կատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայի սեղանատունը զրկվել էր յուր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հնչում Լուիզայի մետաղային ձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելու հենց երկրորդ օրը դաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով։ Չկար ո՛չ նվագող, ո՛չ երգող, ո՛չ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղված էին իրանց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենց սենյակները։

Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի Ստեֆանիայի դրությանը։ Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ դուրս գայի, խեղճ կինը պիտի տուժեր։

Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էի։ Այստեղից բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջ նավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդ տեսարանից։ Նստած ամբոխից հեռու մի առանձնակի նստարանի վրա՝ երաժշտություն էի լսում։ Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որ տասն օր էր որբացել էր սեղանիս վրա։ «Ո՞ւր է նա այժմ»,— հարցնում էի ինքս ինձ, և հարցը մնում էր հարց։