Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/384

Այս էջը հաստատված է

«Մարդասպան, մարդասպան»,— կրկնեց նա իր մտքում մի քանի անգամ,- ո՞վ գիտե քանի՜ քանիսին եմ մահ պատճառել անգիտակցաբար:

«Բայց ինչո՞ւ անգիտակցաբար»,— ավելացրեց նա իսկույն,— չէ՞ որ ես ինձ խելոք մարդ էի համարում:

Եվ նա առաջին անգամ իր կյանքում սկսեց կասկածել իր խելքի մասին: Նա խոստովանեց ինքն իրեն, որ դրամ շահելու համար մեծ խելքի պետք չկա, և հիշեց մի քանի տասնյակ բթամիտներ, որ իր չափ հարուստ էին. «Այո՛, այո՛, եթե ես խելոք լինեի, կգուշակեի «այսօրվա օրը»:

Եվ շարունակեց խորհել միշտ գլուխը բռնած ձեռքերի մեջ: Մի անգամ սկսելով իր բարոյական աշխարհի վերլուծումը՝ այլևս պահանջ էր զգում ավելի ու ավելի առաջ երթալ, մղված ինչ-որ անդիմադրելի զորությունից: Ծանր էր իր համար բերել իր ախտերը, բայց և մղիչ: Ճահճի մեջ ընկած ճամփորդի պես նա քանի առաջանում էր, այնքան ավելի էր խորասուզվում տիղմի մեջ: Այո՛, տիղմ էր նրա բարոյական անցյալը, որքան պարսավելի ներկայացնում ինքն իրեն, այնքան ավելի էր հաշտվում իր այժմյան կացության հետ: Այն ժամանակ, երբ կատարվածը համարում էր «անիրավություն» և իր բախտակիցների հետ միաձայն անիծում էր ու շարունակ անիծում «նրանց», այդ ժամանակ նա տանջվում էր անհունապես: Այժմ զգում էր, որ այդ անիրավության մեջ կա ինչ-որ արդարություն, ինչ-որ արժանի հատուցում։ Եվ նա, որ մինչև փորձանքը այնքան համարձակ, այնքան անվերապահ հերքել էր նախախնամության գոյությունը, այժմ հարցնում էր իրեն, արդյոք մոլորված չի՞ եղել, արդյոք այդ չի եղել այժմյան իր կացության պատճառների պատճառը։ նա կարող էր իր հոգու խորքում չհավատալ գերբնականի գոյությանը, քի՞չ կան մարդիկ, որ նույնպես չեն հավատում, բայց ինչո՞ւ էր այնքան հանդգնաբար ծաղրում հավատացողներին, ինչո՞ւ էր անարգում անբացատրելին: