Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/393

Այս էջը հաստատված է

Մի քանի քայլ չանցած՝ տեսա մի այլ խումբ, որ շրջապատած էր մի գերեզմանաքար: Վերջինի վրա գրված էր.«Ասա հանգչին ոսկերք անձնասպան «Փորձի»»: Տրտում դեմքով կանգնած էր հանգուցյալի մարդը, տիկին Մոմ բազոնի հետ թև-թևի տված։ Տիրացու Փիլիպոսը շարական էր կարդում։ Հետո տիրացու Կոստոն մի երկար դամբանական ասաց, հիշելով, ի միջի այլոց, և իր հանգուցյալ ամուսնուն և աղաղակելով.«Վե՛ստիկ, Վե՛ստնիկ, ինչո՞ւ ես քեզ սպանեցի»։ Կոստոյի խոսքը ընդհատեց տիրացու Փիլիպոսը, որը առաջ գալով ապլոմբով մի ճառ արտասանեց «Հաղագս ազատության մամուլի»՝ Այսմավուրքից և Մաշտոցից ցիտատներ բերելով։ Վերջը նա հայտնեց, թե հոգեհանգստից հետո էդեն թատրոնում մի ներկայացում կտրվի, ուր նախկին «Փորձի» այժմյան ղեկավարը փորձեր պետք է անե միսս Աբբոտին հաղթելու։ Իսկ տիրացու Կոստոն կներկայացնե «Եկեղեցական ծուխ և օպերետի կրթական ազդեցությունը» վերնագրով վոդևիլը, թարգմանություն Արդար Հովհաննիսյանի։ Թողի այս տեսարանն էլ ու հեռացա և ի՛նչ տեսնեմ։ Մի սևերես մարդ, մի մեծ գերեզմանաքարի վրա բարձրացած, ճառ էր ասում, բացատրելով, թե մեծ պասի օրերին ինչպես ինքը ձիթենու հատիկներ (զեյթուն) ուտելիս փորացավ է զգացել և ինչպես այդ փորացավից բարկացած նա ապտակել է իր ընկերակիցներից մեկին։ «Պարոննե՛ր, պարոննե՛ր, երբեք չուտեք ձիթենու հատիկներ, եթե ոչ, մի օր դուք էլ ստիպված կլինեք ձեր ամենաթանկագին բանը թաղել հողում, ինչպես ես թաղեցի այս գերեզմանում»։

Ես չհետաքրքրվեցի իմանալ արդյոք ի՞նչ է թաղել այդ սևերեսը գերեզմանում։ Ինձ համար ավելի հետաքրքրական էր մի ուրիշ տեսարան, որի հերոսն էր Կովկասյան հրապարակախոս, հանճարեղ ռազմագետ և հմուտ խոլերագետ Նիկոլայ Նիկոլաձեն։ Նա վշտահար երեսը դեպի հյուսիս դարձրած էր և ձեռով ցույց էր տալիս մի գերեզմանաքար, որի վրա գրված էր ռուսերեն տառերով «Տեսություն» (Աբզոր)։ Նա աղոթում էր՝ գերեզմանի մեջ ամփոփվածի հոգու փրկության համար, նրա անչափ մեղքերին թողություն հայցելով և աղաղակելով. «Տեր, ներիր երիտասարդությանս սխալները»։

Այդ միջոցին ականջիս հասավ մի ձայն, որ գոչում էր,