Անշուշտ դուք գիտեք՝ ինչ ասել է կարուսել։ Դա մի հաստ սյունի վրա շինած կոլորակ ծածկոց է, որի տակ ամրացրած են նստարաններ ձիերի, եզների, սագերի և էշերի ձևով։ Մարդիկ նստում են այդ եզների, սագերի, էշերիև ձիերի վրա, շարմանկան նվագում է և ծածկոցը պտտում, իր հետ պտտեցնելով և էշերի, եզների, սագերի և ձիերի վրա նստած մարդկանց։
Հինավուրց դպրոցի աշակերտների զվարճությանը չափ չկար։ Բայց հայ Պեստալոցցին այն համոզմունքին էր որ ամեն մի զվարճություն պետք է կրթական նշանակություն ունենա։ Ուստի նա հանեց մի հեղինակավոր գերմանացի մանկավարժի ձեռնարկներից մեկը, երեսը շուռ տվեց աշակերտներից և թաքուն անգիր արեց մի հատված։ Ապա, բարձրանալով մի քարի վրա և իր դեմքին պառլամենտեոր-լորդի լրջություն տալով՝ սկսեց կարուսելի օրինակով պարզաբանել տիեզերքի մի օրենքը։
«Տղերք,— ասաց նա,— պետք է իմանանք, որ տիեզերքում ամեն բան պտտում է ճիշտ այնպես, ինչպես այդ կարուսելը և դուք։ Օրինակ, մեր երկրագունդը պտտում է արեգակի շուրջը, լուսինը՝ երկրագնդի շուրջը և այդպես, անընդհատ, գիշեր-ցերեկ։ Բայց մի տարբերություն կա, որի վրա դարձնում եմ ձեր ուշադրությունը: Երկրագունդը և լուսինը պտտում են առանց որևէ հենարանի, իսկ դուք (այդ միջոցին շարմանկան նվագեց «Ռոբերտ դիավոլից» մի արիա), դո՛ւք, մեր հինավուրց դպրոցն եք այսօր ներկայացնում, այդ սյունի շուրջ պտտում եք էշերի, ձիերի և սագերի վրա նստած և նրանց օգնությամբ։ Ուրեմն ձեր դիրքն ավելի հաստատ է, քան թե տիեզերքինը։ Օրհներք աստծուն և միշտ առաջ, առաջ, անդադար առաջ ընթանանք»․․․ Ավարտելով իր խոսքը, Պեստալոցցին ձեռով հրեց սագերից մեկին, և ծածկոցը սկսեց ավելի արագ պտտել։ Աշակերտները նայեցին ցած և ապշած մնացին, տեսնելով, որ իրանք, որ ներկայացնում են մի ամբողջ հինավուրց դպրանոց, անդադար պտտում են, պտտում և միշտ միևնույն տեղն են․․․
— Եվ միշտ նույն տեղում կպտտեք,— ասացի, թողնելով կարուսելը և հեռանալով։