Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/405

Այս էջը հաստատված է

արդյոք արժանի՞ եմ ընտրվելու։ Հենց որ դուրս էի եկել, իսկույն ներս կանչեցին և ասացին, որ «կարծիքը» կազմվեց,— գողություն չեմ արել, արժանավոր մարդ եմ։

— Բայց ցենզ չունեմ,— այստեղ էլ կրկնեցի ես խորամանկաբար։

— Ես կգտնեմ,— ասաց հրապարակախոս Սումբուրովը:

— Իսկ դուք ունե՞ք։

— Ոչ, Սերաֆիմ Պետրովիչը խոստացել է գտնել։

— Իսկ Սերաֆիմ Պետրովիչը ունի՞։

— Ո՛չ, Արտեմ Գասպարիչը աշխատում է նրա համար գտնել, իսկ Արտեմ Գասպարիչի համար աշխատում է գտնել Յակիմ Յակիմիչը, իսկ Յակիմ Յակիմիչի համար աշխատում է Մարկիան Լուկիանիչը, իսկ Մարկիան Լուկիանիչի համար աշխատում է Սարգիս Ավագիչը, իսկ Սարգիս...

— Լավ, լավ,— ընդհատեցի ես,— ինչպես տեսնում եմ ամենքդ էլ «լյութ-լոթիներ» եք։

— Ի՞նչ ասել է «լյութ-լոթի»։

— Голыши,— թարգմանեցի ես։

«Լյութ-լոթիների» ժողովից գնացի իսկույն հաստափորների ժողովը։ Այստեղ արդեն ամենքը ցենզավորներ էին և ի՛նչ ցենզավորներ, բանկիրներ, դրամատերեր։ Սկզբում ինձ ընդունեցին արհամարհանքով։ Բայց ես մի սուտ փչեցի, ամենքը վախեցան։ Ես ասացի, որ երեք հարյուր իննսուն հինգ ընտրողներ ունեմ, որ ում ուզեմ՝ նրան պետք է ձայն տան։

Այն ժամանակ մի քանիսը Նուսնուսովին բոթեցին, որ ինձ առանց այլևայլի «ցուցակի» մեջ մտցնեն։

— Ձեր ապագա գործունեության պրոգրա՞մը,— դարձավ ինձ Նուսնուսովը։

— Առաջինը քաղաքագլուխ կընտրեմ ձեզ, իսկ վարչության անդամներ ձեր քենակալին և ձեր աներոջ որդուն։ Ի՛նչ առաջարկություն անեք — կընդունեմ, երբ որ ասեք՝ այո՛, կասեմ այո՛, երբ որ ասեք ո՛չ — կասեմ ո՛չ։ Տեղը եկած ժամանակ ղարաբաղցիների հերը կանիծեմ, տեղը եկած Ժամանակ կփառաբանեմ։ Եթե «հանգամանքները» պահանջեն՝ վաճառականների դեմ կկռվեմ, եթե ոչ — նրանց խունկ կծխեմ։ Երբ որ կասեք բուն թիֆլիսեցի պատվավոր գերդաստաններից մեկին