Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/406

Այս էջը հաստատված է

կին կծել — համեցեք՝ գրիչս ձերը, իսկ երբ հրամայեք գովել — ձեր խոնարհ ծառան եմ։

Բավական է, դուք արժանավոր քաղաքացի և նշանավոր գործիչի ծրագիր ունեք,— ասացին ինձ չորս կողմից։— Դուք կընտրվեք։

Այսպիսով, անունս մտցրին երկրորդ ցուցակի մեջ։ Մյուս օրը երիտասարդների ժողովս էր։ Այստեղ այնքան էլ հեշտ չէր քիթս ներս խրել, բայց գնացի։

— Далой плутократию,— գոչեցի ես հենց որ ներս մտա։

— Урра!— աղաղակեցին միաձայն և ամեն կողմից ժողովականները թափվեցին վրես ինձ գրկելու։

— Մտցրեք, մտցրեք սրան էլ ցուցակի մեջ,— գոչեց մեկը, որ իսկի ինքն էլ չգիտեր՝ ես ինչ պտուղ եմ։ Պրինցիպյանը «կատեգորիչեսկիյ» առաջարկեց «вопрось-ը бокомь» դնել՝ կամենու՞մ եմ ընտրվել։ Ես պատասխանեցի, թե այո, կամենում եմ։ Բայց անողոքներից մեկը, հոնքերը խոժոռացնելով դարձավ ինձ․

— Պարզիր ծրագիրդ։

— Էլեկտրական լուսավորություն Խարփուխում, քարափում, Սաղում, Հավլաբարում և Կոլոլ թաղում։ Շոգեշարժ գնացքներով երկաթուղի Օրթաճալից մինչև Վերա։ Քսանուչորս պահապան Թիֆլիսի քսանուչորս հայ եկեղեցիների գանձարանների վրա․․․

— Այդ քաղաքային գործ չէ, քաղաքային չէ․․․

— Ներեցեք, շարունակեմ․․․ նոր ջանք Հավչալից, անտառներ Մթածմինդայի և Մախաթի սարերում․․․

— Բրա՛վո։

— Այգիներ քաղաքի բոլոր անկյուններում, բարակներ ժամանակավոր բարոյական և մտավոր հիվանդների համար։ Այնտեղ կուղարկենք բոլոր խավարամիտներին։

— Մի զույգ լապտեր «Արձագանքի» և «Նոր-դարի» խմբագրատների առաջ։

— Այդ ինչու՞․․․