[ԿԵՍ ՖՈԻՆՏ ՏԿՈՂԻՆ]
Հանուն ասիական անդորրության, անշարժության և թմրության ես բողոքում եմ Թիֆլիսում տիրող այժմյան կենդանության դեմ։ Այս ի՞նչ է, ջանըմ, այդքան ընտրություններ կլինի՞ն։ Ո՛ր կողմ նայում ես՝ քվեատուփեր են շարված, որ կողմ նայում ես, մարդիկ միմյանց սևացնում են կամ ճերմակացնում։ Բանն այնտեղ է հասել, որ ամբողջ քաղաքի բնակիչները այժմ երկու գույն են ներկայացնում — սև և սպիտակ։
Անցյալ օրը մտա մի պարսիկի խանութ մի ֆունտ տկողին (ֆնդըղ) առնելու։ Խանութպանը հպարտ-հպարտ պատասխանեց ինձ, թե ֆնդղի թանկություն է տիրում։ Երկու շաբաթ առաջ քաղաքային վարչությունը գնել է բազարում եղած ֆնդղի պաշարը և ներկել տվել քաղաքային իրավասուների ընտրությունների համար։
Ես ներկա էի այդ ընտրություններին։ Հանդիսարանն արքունական թատրոնն էր։ Բեմի վրա շարեշար դրված էին ֆնդըղով լի տոպրակները։ Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր։ Երբեք ես չէի կարող երևակայել, թե ֆնդըղը՝ այս համեղ միրգը՝ կարող է այնքան սարսափ ազդել մարդկանց վրա,