որքան այդ օրը, մայիսի 14-ին։ Հարյուր յոթանասունևչորս հոգի — իշխաններ, խմբագիրներ, իրավաբաններ, բանկիրներ, բժիշկներ, ինժեներներ, գնդապետներ, փոխ-գնդապետներ և այլն, և այլն, իրանց աչքերը տնկել էին տոպրակների վրա։
Կարծես դրանք թնդանոթներ լինեին։ Երբ ժողովը բացված համարվեց, նույն միջոցին տոպրակների բերաններն էլ բացվեցին և ֆնդըղները դուրս թափվեցին վայրերի խուժանի պես։ Պետք է տեսնեիք այդ տեսարանը, որպեսզի համոզվեիք, թե մարդիկ ինչ ողորմելի, ինչ չնչին, ինչ խղճալի էակներ են, թե որքան նրանք վատ գաղափար ունեն պատիվ, հարգանք և ինքնասիրություն ասված բաների մասին, կարծելով, թե պատիվը, հարգանքը և ինքնասիրությունը կախված են ֆնդըղից։
Ես նստած էի մի խմբագրի մոտ, որ շաբաթը երեք անգամ մեծ-մեծ առաջնորդողներ է տպում իր ընթերցողներին համոզելու համար, թե մարդկանց արժանապատվությունը որոշվում է «ոչ թե ձայների քանակությամբ, այլ որակով»։ Եվ այդ տաղանդավոր «թամադան» ձայների քանակությունից այնքան վախեցած էր այդ օրը, այնպես նա դեղնած էր, սփրթնած, որ կարծես թե խոլերա էր ընկել։
— Բարեկամ, ինչու՞ ես դողում։ —Աղոթեցեք ինձ համար, աղոթեցեք,— պատասխանեց ողորմելին,— կես ֆունտ, միայն կես ֆունտ տկողին և իմ պատիվը փրկված կլինի։
Երկու ժամ անցած՝ ես նորից տեսա ազգային կլոունին։ Նա միանգամայն փոխվել էր, զվարթացել։
Բանից երևաց, որ նրա քվետուփի սպիտակ տոպրակի մեջ սև տոպրակից 85 տկողին ավելի է երևացել։
Այսպես են սուտ ճգնավորները, փարիսեցիներն ու մաքսանենգները։ Բերանացի և գրչով նրանք քարոզում են «սեր»