Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/41

Այս էջը հաստատված է

Իցկոն կանգ առավ մի մեծ պանդոկի առջև, որի դռների ճակատին գրված էր. «Արքայական յախտա»։

— Ահա այստեղ է Լևոնը,— ասաց նա.— անցյալ շաբաթ «Ոսկե խարիսխումն» էր նվագում։

— Հը՞մ,— արտասանեց Չաուշենկոն, դառնալով ինձ,— տատանվո՞ւմ եք։ Վախենո՞ւմ եք մտնել։ Քա՛ջ եղեր, ձեզ չեն ուտիլ, մեզ նման մարդիկ են...

Նա գավազանը բարձրացրեց և հաղթական քայլերով մտավ Իցկոյի հետ պանդոկ։ Ես մի քիչ նրանցից լավ էի հագնված։ «Աղա» չհամարվելու համար վերարկուիս օձիքը բարձրացրի, գլխարկիս եզրը քաշեցի աչքերիս, հուսալով, որ ամենաշատը հույն որմնադիր կհամարեն ինձ։

Պանդոկը լի էր հաճախորդներով։ Առաջին պահ ոչինչ չկարողացա որոշել, այնքան մթնոլորտը տոգորված էր ծխով, փոշով ու կերակուրների շոգիով։ Դժվար էր ընդհանուր աղմուքի, գոռում–գոչյունների ու հայհոյանքների մեջ մի բան հասկանալ։ Այցելուների մի մասը խմբվել էր բուֆետի առջև, որ գտնվում էր ուղիղ մուտքի դիմաց։ Մենք հրհրվում էինք այս ու այն կողմ։ Չաուշենկոյի նիհար մարմինը պնդակազմ նավաստիների ուսերի հարվածներից տաշեղի պես թռչկոտում էր: Երբեմն նա իրան դիմող մեջքերին դեմ էր տալիս գավազանի կոթը, ինքը հետ կանգնում։ Իցկոն, յուր փոքրության շնորհիվ, կատվի ճարպկությամբ սլկվում էր առաջ մարդկանց արանքով։ Ես հազիվ էի կարողանում քիթ ու պռունգս ազատ պահել օդի մեջ անիմաստ շարժվող ձեռների ու արմունկների պատահական հարվածներից։

Մենք անցանք երկու շարք կեղտոտ ու մերկ սենյակների միջով, որոնց շուրջը նստած էին նավաստիներ և երկաթուղու ծառայողներ։ Մի, քիթը ուռած, կարմրած, աչքերի տակերը կապտած կին, ինձ տեսնելով, զոչեց.

— Էյ, բասուրման, արի միասին «տրեպակա» պարենք։

Ես հազիվ կարողացա ազատվել նրա սիրալիր թևերից, որ բացվել էին ինձ գրկելու համար։ Չաուշենկոն, գլուխը փիլիսոփայորեն շարժելով, արտասանեց․

— Թռչուն, ո՜ր է քո փետուրը: