Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/410

Այս էջը հաստատված է

ազգերի փոխադարձ համերաշխություն», գոռում են, թե ոչինչ նշանակություն չեն տալիս «ձայների մեծամասնությանն։ Բայց գործո՞վ, о՜о, գործով ինչեր ասեք, որ չեն անում։


Բայց, ներողություն, ես շեղվեցի ֆելիետոնական եղանակից։ Ֆելիետոնիստը պետք է ծիծաղի և ոչ թե բարկանա։ Ուրեմն ծիծաղենք, եթե կարող ենք։ Բայց ու՞մ վրա, և ինչի՞ վրա։ Մի՞թե հիշելով այն կոմեդիան, որ տրվեց մայիսի 26-ին արքունական թատրոնում։ Այո՛, դա մի փառավոր կոմեդիա էր, որի նմանը թատրոնի բեմը մինչև այդ օրը չէր տեսել: Գլխավոր դերակատարները աննման էին իրենց դերերում, Իզմայիլի զավակը իր ամպլուային լիովին համապատասխան դեր ուներ։ Բացի լավ դերասան լինելուց, նա և սցենարիուս էր և ռեժիսոր և հուշարար։ Այնինչ ռեզոների դեր կատարող նիկոլաձեն բավական փչացրեց իր դերը։ Առաջինը՝ նա անգիր չէր արել իր դերը, ուստի ստեպ-ստեպ կմկմում էր: Երկրորդ՝ լավ չէր հասկացել իր ներկայացրած տիպը։ Մոռանալով, որ կոմեդիայումն է խաղում, նա միանգամայն տրագիկական դրության մեջ էր... Բայց ես այդ ներկայացումը մտադիր չեմ նկարագրելու, այսօր մայիսի 30-ին կոմեդիան նորից կրկնվում է։ Ուստի մանրամասն ռեցենզիան թողեք հետաձգեմ մինչև եկող կիրակի։


Ներսիսյան դպրոցի համար նոր հոգաբարձուներ ընտրելու հրամանը սառը ջուր մաղեց մեր ազգային խեղկատակների վրա։ Ոչ ոք չէր կարծում, թե «Արծվի դատաստանը» այդպես շուտ պետք է հասնի։ Մայիսի 23-ի ընտրությունները մի-մի հարված էին խավարամիտների գլխին։ Այդ օրը ես շրջում էի Թիֆլիսի եկեղեցիները, որ տեսնեմ ով ում է ջարդում։ Այս անգամ էլ աղբակույտների սողունները ոտնատակ եղան, բայց ոչ բոլորովին։ Մի քանիսը, որ ավելի ճարպիկ էին, դուրս սահեցին