Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/411

Այս էջը հաստատված է

ջարդող ոտների տակից և ազատվեցին մազապուրծ։ Բայց անդ եղավ «լալ և կրճտել ատամանց», երբ հայտնվեց մի քանի եկեղեցիների ընտրությանց հետևանքը։

Տիրացու Կոստոն, հանուն յուր դրոշակի փրկության, քշել, բերել էր եկեղեցու պատերազմի դաշտը, ամբողջ իր պահեստի զորքը։ Երևան էին եկել արխիվ դրված գեներալներ, գնդապետներ, պաշտոնաթող ինտենդանտներ, սպիրտում պահած հին «պամեշչիկներ»։ Առավոտից սկսած նրանք մաքրել էին իրանց թրերի ժանգը, սրբել էին իրանց էպոլետները և եկել կռվելու։ Բայց տիրացու Կոստոյի զորքը ջարդվեց։ Երեք զորապետներից երկուսը ընկան պատերազմի դաշտում։ Նրանց դիակները արյունալից դաշտից հեռացնելու համար կառք էր ուղարկել մի բանկիր։ Եվ ես տեսա այդ խեղճերի դեմքը — գունատ, արյունաքամ և խղճալի...


Կկամենայի ֆելիետոնս սրանով վերջացած համարեք, բայց երկու խոսք ևս։ Խոստովանում եմ, որ այս անգամ ինձ չհաջողվեց ծիծաղել, ինչպես վայել է ֆելիետոնիստին։ Բայց այդ ինձանից չէր կախված, կան հարցեր, որոնք այնքան լուրջ են, որ որքան կամենաս նրանց մասին կատակով խոսել՝ չես կարող։ Վերջապես, ես ինչպե՞ս ծիծաղեմ, քանի որ մայիսի 23-ի պատերազմին ընկած դիակները դեռ չեն հեռացված դաշտից։ Ասում են նրանց թաղման հանդեսը պետք է կատարվի երկուշաբթի, մայիսի 31-ին։ Ես ներկա կլինեմ այդ թաղմանը ֆրակով և սև փողկապով...