Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/412

Այս էջը հաստատված է

[ԼՈՒՐԵՐ]

Շոգերը սկսվել են, նյարդերս հոգնել են. գրելու ախորժակ չունեմ և ի՛նչ գրեմ։ Ժողովները վերջացան, ընտրությունները նույնպես։ Այժմ բոլոր պրոպագանդիստները և հռետորները սկսել են սառը բաղնիք ընդունել իրենց տաքացած գլուխները մի քիչ հովացնելու համար։

Ուղիղն ասած ֆելիետոնիստի դերը ինձ այլևս դուր չէր գալիս։ Այժմ ուզում եմ վիպասան դառնալ։ Անցյալ օրը հաշվեցի և տեսա, որ վերջին վեց ամսվա ընթացքում հայոց մեջ երևան են եկել ոչ ավելի, ոչ պակաս վեց հատ վիպասան։ Եվ ի՜նչ վիպասաններ — մեկը մյուսից հանճարեղ։ Այժմ ես զբաղված եմ այդ նորագույն հանճարների երկերը ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ, անցյալ օրը «Տարազի» խմբագրությունը բարեհաճեց ինձ ցույց տալ այդ ադամանդները։ Հիացած եմ, չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ ուրախությունը հայ գրականության այդ արագ զարգացման մասին, երևակայեցեք, վեց ամսում ծնել վեց վիպասան — ոչ մի ազգ, կարծեմ, աշխարհիս երեսին ընդունակ չէ։ Իսկ հայոց ազգը ծնում է, այն էլ առանց երկունքի, առանց մանկաբարձուհու։ Հապա ո՞ր ազգն ունի այդպիսի ստեղծագործական հանճար․․․ Ո՞ր ազգը կարող է տալ կես տարում այդպիսի վիպասաններ, որպիսիք են՝ Ասքանազ Փամբակեցի, Ապրիլյան, Գրիգորյան Սահ․, Տ․-Զաքարյան Արշակ, Թումանյան։ Ведь դա