Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/413

Այս էջը հաստատված է

սկանդալ չէ՜, որ ամեն օր ծնում են ֆրանսիական պատգամավորների ժողովում բուլանժիստները, այլ հանճար։ Ես կարծում եմ, որ եթե մեր գրականությունը այս չափով զարգանա, հիսուն տարուց հետո բոլոր հայերը վիպասաններ և քնարերգներ կդառնան։ Ա՜յ երևելի ժամանակ կլինի, հա՛, հա՛: Բայց հետաքրքրական է իմանալ, էլ ընթերցողներ կմնա՞ն, թե բացի գրողներից, ոչինչ չենք ունենալ։


Սողունների աշխարհում մեծ իրարանցում կա։ Լուր է եկել, որ այսօր, վաղը նրանց վրայով պետք է անցնի մի հսկայական ոտք և ջարդուփշուր անի բոլորին։ Նրանք խմբվել են միասին և չգիտեն ի՞նչ անեն։ Անցյալ օրը պատահեցի նրանցից մեկին՝ որ գլուխը քաշ գցած՝ գնում էր վանքի եկեղեցին մաղթանք լսելու։ Նա կռնատակին ուներ մի քանի կապ թղթեր:

— Դա ի՞նչ է կռնատակիդ, բարեկամ— հարցրի ես: Սևերեսը նայեց ինձ և պատասխանեց.

— Սրանք իմ դիպլոմնեին են, որ ստացել եմ հայ ազգից իմ տասնամյա ազնիվ, անշահ, անձնվեր գործունեության մասին։ Պետք է ներկայացնեմ մեր հոգևոր նոր Պետին, որպեսզի նա ինձ ընդունի, իբրև իր ամենահավատարիմ և սիրելի զավակ։

Ես հետաքրքրվեցի սևերեսի դիպլոմներով և կարդացի հետևյալ վերնագրերը. «Նավթաքաղաքի ամենամյա տուրքը», «Երեցփոխների հարկը», «Ներսեսի մահարձանը», «Կիլիկիայի կորիզները»։ Հասկացա, թե բանն ինչումն է, եթե կարող եք դուք էլ հասկացեք։

Մի քանի քայլ անցած՝ պատահեցա մի ուրիշ սողունի: Դա էլ կռնատակին պահած ուներ իր տասնուհինգ ամյա գործունեության ամփոփ վկայականը։ Միայն մի հատ վկայական, որի վերնագիրն էր «Սրբությունների աճուրդ»։

— Եվ դու հույս անես այդ վկայականով վայելել մեծ մարդու սե՞րը,— հարցրի ես աներեսին։ Նա ժպտաց անհամեստ կերպով և պատասխանեց.