Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/423

Այս էջը հաստատված է

Շատ բաներ են անցել այդ երկու տարվա ընթացքում, շատ դեպքեր են պատահել։ Իմ սիրեցյալ հերոսներից ոմանք Թիֆլիսից հեռացել են (բարի ճանապարհ), ոմանք ծերացել են (նորագույն ներկերը նրանց մազերին օգնական), և ոմանք վախճանվել են (աստված նրանց հոգին լուսավորի)։ Ես անցյալ մարդկանց և անցած դեպքերի մասին այլևս չեմ խոսի։ Ես կսկսեմ ամենանորագույն և ամենախոշոր երևույթներից։ Երևույթներ, որոնցից մի քանիսը ընդունակ են աշխարհ սասանեցնելու և իրոք սասանեցնում էլ են․․․

Սկսեմ այն նշանավոր երևույթից, որ մեծանուն Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության (ականջդ կանչի Եզեկյան) ընդհանուր ժողովներին մասնակցող անդամներ թիվը ավանդական «քառասունից» անցել է։ Դա մի այնպիսի երևույթ է, որ, անշուշտ, ռուսահայերի ապագա պատմության մեջ կբռնի անթիվ էջեր, այնքան հարուստ է մեր պատմությունը։ Թե՛ նախընթաց և թե՛ անցյալ կիրակի օրվա ժողովին մասնակցում էին ուղիղ յոթանասունևյոթ անդամներ, այն էլ բոլորը հռետորներ, և ի՜նչ հռետորներ։

Բայց ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հայ հոգևորականության կատաղի քննադատները այս անգամ «շահավետ» էին համարել հոգևորականության թևի տակ մտնել և ժողովի նախագահ էին ընտրել մի քահանա, որ հռչակավոր է այն բանով, որ լրագրերում տպում է ամիսը քառասունևութ պաշտոնական և քառասուն ոչ պաշտոնական նամակներ։ Նախագահի ձախ կողմում նստած էր Շեքսպիրի թարգմանիչ, մանկավարժ, բանաստեղծ, օտար ճանապարհորդների չիչերոն, լեզվագետ, գիտնական, ընտրությունների ժամանակ էստաֆետի դեր կատարող և իր քչախոսությամբ հայտնի Ստեփանոս Մալխասյանցը։ Նախագահի աջ կողմում ես նկատեցի ընկերության խորհրդի խորհրդավոր քարտուղար