Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/424

Այս էջը հաստատված է

մեղա՜ աստված․․․ Համբարձում Առաքելյանին, որ չգիտեմ ինչ դյութական զորությամբ, քարտուղարի համեստ սեղանի մոտից համբարձվել էր վեր և իրան հատուկ գրացիայով բազմել նախագահական սեղանի քով։

Այս սքանչելի գեղարվեստական երրորդությունը այնքան հրապուրիչ էր, որ ամենքի հայացքը գրավվել էր դեպի ինքը։ Դահլիճի չորս հինգերորդական մասը բռնել էին հայկազյան նորագույն դեմոսթենեսները։ Ոմանք աթոռի վրա փռվել էին այն դիրքով, որ ես կարծում եմ ներկա եղող գեղեցիկ սեռից շատերը պետք է նրանց փոխարեն ամոթից կարմրեին։ Մի լրագրի աշխատակից, որ պստիկ մարդկանց հետ իսկի գործ չունի և միշտ զբաղված է Սալսբյուրիին ու Բիսմարկին խորհուրդներ տալով, սուլթանին սպառնալիքներ կարդալով և Եվրոպայի քաղաքական վիճակը որոշելով, երևի, հետևելով անգլիական պառլամենտի անդամներին, որոնց վրա մեծ ազդերություն ունեն նրա երևելի հոդվածները, մի ոտը ձգել էր աջ, մյուսը՝ ձախ, մի թևը դրել էր հետևը, մյուսը առաջին շարքի հենարանի վրա, այնպես որ, կարծես, ժողովի դահլիճը տրակտիր էր․․․ Ավելացրեք սրան, որ այդ երևելի հրապարակախոսը շարունակ հըռ-հըռ ծիծաղում էր իր նման մի քանիսի հետ։ Մի ծիծաղ, որ ամենայն իրավամբ Ժողովականներից մեկը շպրտելով, «ետ դարձրեց» նրանց։

Առհասարակ այդ ժողովում մի խմբակ անդադար հռհռում էր, երբ մի խելոք բան էր լսում։ Դա նշանավոր երեվույթ է, որի հոգեբանական բացատրությունը կարելի է գտնել հայտնի պսիխիատոր Կրաֆտ էբինգի և Լոմբրոզոյի գրվածներում...

Հըռ֊հըռ ծիծաղողների հակառակ, ժողովում կային և խորհրդավոր լռողներ, որոնք ամբողջ ժողովի ժամանակ զբաղված էին փիլիսոփայորեն իրանց քթի պնչերը տրորելով