Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/425

Այս էջը հաստատված է

Թե ինչո՞ւ էին այդ սֆինքսները լռում, չգիտեմ, բայց, տեսնելով նրանց, ես հիշեցի մի հին հունական, թե հռոմեական փիլիսոփայի նշանավոր խոսքը, որ նա ասել է լռող մարդկանց վերաբերմամբ․ «Եթե խելոք ես, լռելդ հիմարություն է, եթե հիմար ես, լռելդ խելոքություն է»։

Այդ խորհրդավոր լռողների թվում ես նկատեցի մի պոլիտիկան, որ մինչև այսօր հայտնի է եղել «չաչանակ» անունով։ Բանից երևաց, որ այդ մարդու լռելն այդ երեկոյան մի նպատակ ուներ։ Պետք է խոստովանած, որ, իսկապես, նա ոչ մի քայլ չի անում առանց հետին նպատակի։ Նա այնքան ճարպիկ է որ գիտե մի ձեռով յոթ ձմերուկ բռնել, մանավանդ, եթե ձմերուկների մեջ ոսկի կորիզներ կան։ Օրինակ նա գիտե միաժամանակ քառասուն ընկերությունների անդամ լինել և մի երեկո այցելել յոթ ժողով։ Տեղը եկած ժամանակ նա ազատամիտ է, ուրիշ անգամ հետադեմ, բայց միշտ պահպանողական յուր հաշիվների վերաբերմամբ։ Նա գիտե միաժամանակ երեք խոսակցի ականջ դնել, հնգին պատասխանել, բոլորին էլ քաղցր ժպտալով։ Նա այնքան զգույշ է, որ երբեք իր կարծիքն ուղղակի չի հայտնի նույնիսկ եղանակի մասին։ Օրինակ, եթե սաստիկ անձրևի ժամանակ նրան ասեք «պարոն, անձրև է գալիս», նա կարտասանի՝ «այո, թեև, գուցե, այսինքն, բայց իմ կարծիքով, բայց և այնպես, կարելի է ասել, սակայն պետք է ասել» և այլն, և այլն։

Համեստության քողի տակից ես տեսնում էի նրա իսկական պատկերը, որ փայլում էր նրա աչքերի մեջ, որոնց բիբերը անդադար պտտում են այս ու այն կողմ։ Բանն այն է, որ այդ երեկո մտադիր էր ժողովի նախագահ ընտրվել և չէր ուզում իր չաչանակությամբ մի քանի ավելորդ ձայներից զրկվել։ Այն կաստան, որի քուրմն է նա, որոշել էր նախ բժիշկ Նավասարդյանին սևացնել, հետո սպասել, որ ժողովից հեռանան անկախ մտքի տեր անդամները և, դահլիճում մնալով, կաստայի անդամները, «միաձայն» նախագահ ընտրեն պոլիտիկանին։ Սակայն նրա նետը այս անգամ քարին կպավ, վասնզի Նավասարդյանը չսևացավ․․․