Նույնիսկ սանդուղքը ծածկված է մարդկանցով։ Դեմքերը արտահայտում են հույս, հուզում, անհամբերություն, գրգռում, կեղծ անտարբերություն, շահամոլություն, անհագություն, քծնություն, շողոքորթություն, կշտություն, ինչ կամենաք, բացի վեհությունից։ Այստեղ կան, բացի սովորական վաճառականներից, նավթարդյունաբերներից և գործակատարներից, ինժեներներ, իրավաբաններ, ազատամիտներ, արմատականներ, աշխարհից իբր թե զզված ծակ փիլիսոփաներ, նաև ձեր խոնարհ ծառան, իբրև մեկը փոքրաթիվ հանդիսականներից այդ հետաքրքրական ներկայացմանը։ Ամենի ուշադրությունը գրավում են թիֆլիսեցիները, որովհետև ամենից շատ հուզվողը, աղմկողը, գոռոզն ու վազվզողը նրանք են։ Բաքվեցիները համեմատաբար հանգիստ են։ Ինչ է նրանց համար այդ բոլոր «Զոռբա», «Ջանավար» և այլն մեծահնչուն ընկերությունների բերած գումարները, մի բաքվեցու մի ամսվա եկամուտը։ Ամենից համեստը Թիֆլիսի նոր կազմված ամենամեծ ընկերության ներկայացուցիչներն են — մի լուրջ վաճառական և մի հասարակական գործիչ ու ինժեներ։ Ամենից անհամեստը «Շիր ու խուրշիդ» ընկեցության ներկայացուցիչներից մեկն է: Նա, անդադար սրան ու նրան հրելով, վազվզում է և ծանոթ ու անծանոթի հարցնում.
— Դու ի՞նչ գին ես տվել № 25-ին։
— Ադա, դա հո՞վ ա. աս հարբած կովը,— հարցնում է մի շամախեցի։
— Խոյեցի,— պատասխանում է մի ղարաբաղցի։
Լրանում է մեկ ժամը, մարդկանց հուզումը հասնում է իր գագաթնակետին։ Լսվում է նահանգապետի հանգիստ ձայնը.
— Պարոններ, ծրարները բացվում են։
Այդ ժամանակ դահլիճում շունչ քաշել անկարելի էր։ Մարդկանց երեսներից քրտինքը թափվում էր անձրևի պես։ Ոմանք տնից շտապով դուրս եկած լինելով, մոռացել էն թաշկինակ վերցնել, երեսները քսում են հարևանների ուսին։ Մեկի փողկապն է կոտրվել, ընկել, մյուսի վերարկուի կոճակները, երրորդը աղաղակում է, թե ջարդեցին իր ոտները։ Տիրում է մի այնպիսի իրարանցում, որպիսին կարելի է տեսնել միայն քելեխի հավաքված մուրացկանների մեջ։