Նավթային հողերի աճուրդը վերջացել է։ Հետևանքները հայտնվել են։ Գրքերը հանդարտվում են։ Երեկո է։ Բաքվի ժողովարաններում ասեղ գցելու տեղ չկա։ Հաղթողներ, հաղթվողներ, հանդիսականներ, բոլորն այնտեղ են։
Ընդհանուր խոսակցության նյութը աճուրդի հետևանքներն են։ Նրանք, որոնց վրա հող է մնացել, ըստ երևույթին ուրախ են, բայց ներսներում որդեր են պարում։ նրանք, որոնց վրա հող չի մնացել, արտաքնապես անտարբեր են, բայց նախանձը կրծում է նրանց սիրտը։
Թիֆլիսեցիներն այլևս ընդհանուր ուշադրություն չեն գրավում, թեև շատ են աշխատում աչքի ընկնել։ նրանք իրար հետ ինչ-որ քչփչում են, մերթ հեռանում, մերթ մոտենում։ Թե ինչ են խոսում — աստված գիտե։ Բայց դեմքերը արտահայտում են ինչ-որ դավադիրների ոգի։ Թվում է, որ նրանք ինչ որ խորհում են, որոշում, ինչ-որ ծրագիր են ուզում իրագործել։ Մի ծրագիր, որի մեջ առաջին տեղն են բռնում խեղճ թիֆլիսեցիների գրպանները։ Այն թիֆլիսեցիների, որոնք միամտություն են ունեցել իրանց վերջին կոպեկները հավատալոլ այդ մարդկանց։ Մի միջնորդ աղվեսի կերպարանքով և խաչագողի աչքերով մոտենում է մերթ մեկին, մերթ մյուսին, քաշում անկյուն ու քչփչում։ Ես դիտում եմ հեռվից։ Ահա անցնում է ուղտի քայլերով մի չափից դուրս երկայն մարդ։ Ասում