Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/454

Այս էջը հաստատված է

Յաղլչյանց (փոխանը վեր քաշելով).— Սարսաղ։

Լագլագյանց (քիթը վեր քաշելով)․— Սարսաղը դու ես, ու ձեր փայշչիկները, որ քեզ նմանին ներկայացուցիչ են ընտրել։

Յաղլչյանց․— Խե՞ (բարկանալիս դիմում է իր ծննդավայրի բարբառի օգնությանը): — Խե՛, քեզանից պակա՞ս եմ։ Դու ո՞վ ես։

Լագլագյանց․— Դու ո՞վ ես, դո՞ւ։ Տո, գնա տվորոգ ծախելու, էէ՜...

Յաղլչյանց․— (կատաղած ուզում է բռնել խոսակցի օձիքից)․—Այ, ես քո...

Սպասավոր․— Барин, здесь нельзя драться։

Յաղլչյանց․— (ուշքի գալով).— Ես քո հախից Թիֆլիսումը կգամ։ Համբերիր։

Նրանք բաժանվում են։

Լագլаգյանցը գնում է բուֆետ մի-երկու բաժակ կոնյակով իր կատաղությունը հագեցնելու։ Յաղլչյանցը մոտենում է աղվեսանման միջնորդին և սկսում է ավելի եռանդով քչփչալ։

Հետևյալ երեկո նույն ժողովարանի դահլիճում։ Ներկա են Թիֆլիսի բոլոր յանկիները, բացի մի քանիսից և Լագլագյանցից. Յաղլչյանցի դեմքը արտահայտում է անչափ ուրախություն։ Նա անսովոր շարժման մեջ է, վազում է այս ու այն կողմ, ձեռներով, ոտներով պես-պես տարօրինակ շարժումներ անելով, երկայն մորուքը տմբտմբացնելով և յուղոտ փողկապն ուղղելով։ Սպասավորները քթների տակ ծիծաղում են, բայց, փորձված լինելով, գիտեն, որ այսօր այդ անծանոթ հյուրը ճոխ ընթրիք է անելու։ Ուստի ամեն ոք աշխատում է գրավել նրան դեպի իր սեղանը։

Յաղլչյանցը աղվեսանման միջնորդի հետ նստում է մի սեղանի մոտ և գոռում.

— Человек, подай карточку․

Նա արդեն երևակայում է իրան նավթարդյունաբեր, դիրեկտոր, կառավարիչ։ Նրա փոքրիկ գլխում արդեն նավթի շատրվան է խփում։ Բանն այն է, որ այսօր նա ցերեկով մի ձեռնարկություն է արել։ «Ջանավար» ընկերության համար գնել է մի կտոր հող ահագին գումարով և արքունական գանձարանին