Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/461

Այս էջը հաստատված է

Հարությունյան: Դարձյալ մի փլավ ուրեմն...


Մամիկոնյան: Ջանկինա, ջանկինա, ջան, ջան, ջան...

Ռշտունի: Թույլ տվեք հարցնել, սեզոնից հետո ի՞նչ պիտի անենք...

Տիկ. Մելիքյան: Գավառները կգնանք, պարոններ, գավառները...

Պետրոսյան: Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Թքել եմ... Բավական է, որքան հարստահարվեցի։ Ես գնում եմ Մոսկվա... Արդեն Կորշից հրավեր եմ ստացել... Ամսական երեք հարյուր ռուբլի և բենեֆիս... Հայերը չեն գնահատում, եղբայր, խոմ զոռի բան չէ․․․
 
Պ. Մայսուրյան: Էլի գնաց...

Աբելյան: Ես դրա հետ համաձայն չեմ... Հայերը գնահատում են իհարկե ոչ այնպես, ինչպես եվրոպացիները, բայց գնահատում են... Այ, օրինակ, Յագոր, հենց ես ու դու... Տարեկան մենք ամենաքիչը երեք հազար ռուբլի ենք վաստակում, քի՞չ է։

Ռշտունի: Այո, ես ու դու, это хорошо сказано, իսկ մենք, մեծամասնությունս... զկռտում ենք քաղցած` ինչպես մկները աղի ամբարում․․․

Աբելյան: Այնուամենայնիվ, դու ինքդ հենց գուցե այնքան ես վաստակում, որքան մի հայ գրող... իսկ մեր վաստակածի չափ դեռ ոչ մի առաջնակարգ հայ հեղինակ չէ վաստակել...

Հուշարար: Այդ ճիշտ է․․․

Հարությունյան: Ճիշտ լինելը ճիշտ է, բայց և այնպես ես կկամենայի քաղցած հեղինակ լինել, քան կուշտ դերասան... թող ես մեռնելիս դամբանախոսս ասեր. «Դարձյալ մի զոհ», միայն թե չմոռացվեի Ադամյանի պես... (Խոսակցությունն ընդհատվում է, որովհետև Մամիկոնյանը, Միրզոյանի և Անդրանիկի ձեռքերից բռնելով, սկսում է պարզել, երգելով). «Նագասակի, Եոկագամա, ջանկինա, ջան... ջան»...

Աբելյան: (Մատների ծայրերով բոթելով Պետրոսյանի փորը): Անուշնե՜ր։