Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/463

Այս էջը հաստատված է

(Բոլորը շրջապատում են նորեկին: Ստեփանյանը վրդովված բացատրում է եղելությունը, տնքտնքալով և ախուվախ քաշելով):

Մամիկոնյան: (Ձանձրագած, որ չեն պարում, մոտենում է և սփռոցը քաշելով Ստեփանյանի գլխից): Давай капкаль: (Նորից սկսվում են պարը, երգը աղմուկն ու շփոթը: Ներս է մտնում վարչության գանձապահ Խատիսյանը, մի պորտֆել կռնատակին):

Խատիսյան: Պարոններ, ո՞վ կամենում է ռոճիկ ստանալ...

Ամենքը: Հուռռա՜։ (Շրջապատում են գանձապահին):

ՏԵՍԻԼ VI

Նույնք և Խատիսյան

Խատիսյան: (Ձեռներով հեռացնելով իրանից դերասաններին): Ֆու, ճանճեր հավաքվեցին շաքարի վրա։ Սպասեցեք: Մեկ-մեկ։ Առաջ տիկիններ, հետո պարոններ։ (Սկսում է ռոճիկները բաժանել):

Վարդուհի: (Գրպանը դնելով 11 ռուբլի 5 կոպեկ): Էս էլ կերանք, պրծանք։ Իժո՞ւմ։

Հարությունյան: Իժում ավանս կտան եկող տարվա համար։

Ամենքը: Այո, ավանս, ավանս։

Խատիսյան: Եկող տարվա համա՞ր... ըըը... եկող տարի, դեռ հայտնի չէ, ընկերությունը խումբ պահելու է, թե ոչ։

Վարդուհի: (Անմիջապես ջգրելով, աչքերը պսպղացնում է և հովանոցի ծայրը բարձրացնում): Ո՞նց թե դեռ հայտնի չէ, բաս մենք ի՞նչ պիտի անենք։

Խատիսյան: Այո, տիկին, ընկերությունը չորս հազար վնաս արել է, պող չկա... Իսայ Եգորիչը ջգրված է...

Վարդուհի: Մե՞զ ինչ, որ փող չկա։ Գտեք, որտեղից էլ որ լինի ժողովեցեք․.. բան ասաց, փող չկա՜...

Ազնիվ: (Հառաչելով): Լսո՞ւմ ես, Գուլազյան, եկող տարի խումբ չեն պահելու։

Գուլազյան: Է՜հ, շատ հարկավոր է... (Երեսը դաւձնում է ամուսնուն և հետը քչփչում):