Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/464

Այս էջը հաստատված է

Տեր-Դավթյան: Խիկար իմաստունը զուր չի ասում, որ..։

Աղայան: Ահա ձեզ ազգ, ահա ձեզ հասարակություն... բայց... (Հինգ մատները հուպ տալով սեղմում է ճակատին և արտասանելով «ցը՜» մոտենում է Խատիսյանին): Պարոն Խատիսյան, կարելի՞ է ձեզ հրավիրել պատվո դատավոր։

Խատիսյան: (Ակնոցն ուղղելով, ապշած նայում է նրան); В чем дело?

Աղայան: Ես կոմիտետին հրավիրում եմ պատվո դատի։ Նա ինձ վիրավորել է, պարոն, վիրավորել է...

Պետրոսյան: Թյուրիմացություն է։ Աղայանց, մոռացի՛ր։

Աղայան: Ինչպե՞ս թե մոռանամ։ Քսանուհինգ տարի լավ թե վատ, բայց բարեխղճաբար ծառայեմ բեմին, ինձ դարձյալ արհամարհեն, և էլի՞ մոռանամ։ Ես մի թե զուրկ եմ ինքնասիրությունից։ Ասացե՛ք, ընկերներ, կարելի՞ է դերասանին այսպես վիրավորել: Ասացե՛ք...

Տիրում է ընդհանուր լռություն:

Բեմի վրա երևում է Ադամյանի ուրվականը:

Ադամյանի ուրվականը: Ես կասեմ... (Բոլորը սարսափած նայում են ուրվականին)։

Ադամյանի ուրվականը: Այո, պարոններ, չի կարելի թատրոնի մշակին այդպես վիրավորել, այդ աններելի է։ Ես Աղայանցին ճանաչում եմ նրա պատանի հասակից։ Ձեր կոմիտեի անդամները դեռ աշակերտներ էին, երբ նա ծառայում էր հայ բեմին և ծառայում էր սիրով, եռանդով։ Նա ամենից անշահասեր դերասանն էր մեր մեջ։ Նա բարեխիղճ մշակ է, բարի և համակրելի ընկեր է ուրախ ու սրախոս սեղանակից... Նա արժանի է հարգանքի...

Ձայներ: Ճիշտ որ այդպես է, այդ ի՞նչպես է, որ մենք մինչև անգամ չենք նկատել։ Կեցցե Աղայանցը...

Աղայան: (Ոգևորված): Այժմ ես բարոյապես վարձատրված եմ։ Ինձ ո՛չ ռոճիկ է հարկավոր, ո՛չ բենեֆիս, ես վարձատրրված եմ։ (Չոքում է Աղամյանի ուրվականի առջև): Մեծ ուսուցիչ, խոնարհվում եմ վեհությանդ առջև։