Ղազարյան: Միթե վարչությունը երկա՞ր պիտի պահի ինձ այս տարտամ վիճակի մեջ։ Ռոճիկս դեռ չի որոշել։ Վերջապես, չգիտեմ հաստատ — ընդունված եմ հուշարար, թե՞ ոչ:
Անդրանիկ: Տիրացյանի գալուց հետո հարցը փոխվեց։ Դերասանները նրան են ուզում։ Նա փորձված է։ Իսկ ձեզ մտադիր են առաջարկել արտագրողի պաշտոն:
Ղազարյան: Ի՞նչ արտագրող, ե՞ս... Ախ, Ատրպատական. (Քիթը խնչում է):
ՏԵՍԻԼ X
Ներս են մտնում Աղյանը, թատրոնական ծառա Գեորգին և ինլ-որ երիտասարդ՝ սեմինարիստի շապիկով ու գդակով: Վերջինս անմիջապես գդակը քաշ է անում պատին և պատրաստվում։
Գեորգի: (Կռնատակին, գրպաններում և ձեռներում զանազան փաթեթներ: Խոսում է մերթ ռուսերեն, մերթ վրացերեն): Օհ, հոգնել եմ շան պես։
Անդրանիկ: (Հետաքրքրված մոտենում ու նայում է փաթեթները): Այդ ի՞նչ է։
Գեորգի: (Փաթեթները մեկ-մեկ դնում է սեղանի վրա): Այս թթու դրած տաքդեղ է, այս էլ կորկոտի ցորեն, Աբելյանի համար։ Այս գեղարքունի է Պետրոսյանի համար, այս էլ պիրաժոկներ տիկ. Ավետյանի համար, այս էլ մախորկա Ռշտունու համար։ Է՜հ. ամենքն էլ ինձ են հրամայում իրանց գործերը կատարել։ Ամբողջ օրը փողոցները չափչփում եմ։ Սուլի ամա միվիդա...
Ազյան: (Փաթեթների շուրջը հոտոտելով): Պա՛չո, այդ պիրաժոկից մի հատ տուր ինձ։
Գեորգի: (Հրելով նրան): Ծադի՛, պատարա մասխարա։
Ղազարյան: (Առանձին): Ի՞նչ կոպտություն բարք ու վարքի։ (Մոտենում է սեմինարիստի շապկով երիտասարդին): Ներեցեք, պարոն, ես տեսնում եմ, որ դուք ամենից առաջ գալիս եք և ամենից ուշ գնում։ Ներեցեք, ձեր պաշտոնը ի՞նչ է։