Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/488

Այս էջը հաստատված է

առաջին շրջանն է փորձի։ Հետզհետե կյանքը բաց է անում նրա առջև իր դաժան դեմքը և պարզում է իր անողոք օրենքները։ Տեսնում ես մտախոհությունը դրոշմեց պայծառ ճակատի վրա և վառվռուն աչքերի տակ խորշեր, և տակավին պատանեկական դեմքը կամաց-կամաց մթագնեց:

Փորձն արդեն ցույց է տվել պատանուն իր դառնությունները։ Առաջ է եկել մտատանջություն և ապագայի մասին խորհելու ընդունակություն։ Գրականական ասպարեզը մեկի, բեմը մյուսի համար դարձել է խորթ մայր։ Բայց ինչ արած, ախտն արդեն շատ խոր է ամրացել նրա հոգու մեջ, շատ է թունավորել նրա արյունը։ Ազատվելու հնար կար, բայց անհրաժեշտ են կամքի ուժ և մտքի զորություն։ Եվ նա, որ ունի այս բնական գանձը, կարողանում է ազատվել մոլորությունից և գտնել կյանքի ընդարձակ ասպարեզում ավելի համապատասխան ուղի։ Նա դառնում է ուսուցիչ, գործակատար, արհեստավոր, մի խոսքով, հասարակության ոչ ավելորդ անդամ։

Թշվառ և ողբալի է նրանց վիճակը, որոնք չունեն իրանց ախտից բուժվելու զորություն։ Քսանուհինգ տարվա ընթացքում իմ աչքի առջև ասպարեզ են եկել և անբախտացել ու անբախտացրել իրանց մերձավորներին գուցե հարյուրավոր այդպիսի «անաջողակներ» թե՛ գրականության մեջ և թե՛ բեմի վրա։

Այժմ գրեթե օր չի անցնում, որ ինձ իբրև գրականության հետ առնչություն ունեցողի՝ չդիմի մեկը կամ մյուսն այդ վարակվածներից՝ մի ձեռագիր ձեռքին։

— Պարոն այսինչ, խնդրում եմ կարդաք այս իմ գրականական փորձը և ձեր կարծիքը հայտնեք։

Բախտիս նայեցեք, որ տարիների ընթացքում իմ դատաստանին ենթարկված ձեռագրների մեջ չեմ հանդիպել գեթ մեկին, որ իրավունք տար ինձ նրա հեղինակին անկեղծ խրախուսելու։

Ճշմարիտ է, հետո ինձ ներկայացված ձեռագրներից շատ շատերը ես տեսել եմ մեր ամսագրների կամ լրագրների մեջ տպագրված։ Բայց դրանով նրանց արժանավորությունը մազի չափ չի ավելացել իմ աչքում։ Ես մի ավելորդ անգամ