Այս հատորում տեղավորված են Շիրվանզադեի արձակ փոքրածավալ երկերը։ «Արտիստ»-ը, «Ջհուդի ականջ»-ը, «Կոսմոպոլիտ»-ը և մի շարք ուրիշ ծավալուն պատմվածքների հետ միասին հատորում տեղ են գտել նովելներ, փոքրիկ պատկերներ, զրույցներ ու այլաբանություններ, խորհրդածություններ՝ կյանքի մասին, երգիծական նովելներ ու պստիկ ֆելիետոններ (մի շարք գործեր տպագրվում են առաջին անգամ)։ Բոլոր այս փոքրիկ գործերը գրվել են 20-րդ դարի աոաջին քառորդում։ Ընթերցողը այստեղ կտեսնի գրողի վերաբերմունքը՝ քաղաքական-ազգային և սոցիալական խնդիրների նկատմամբ, հումանիզմը և հայրենասիրությունը, նրա ատելությունը ցարիզմի ու թուրքական բռնակալության նկատմամբ, որոնցով և պայմանավորվեց նրա անցումը սովետական կարգերի կողմը:
ԱՐՏԻՍՏՍ
1898 թ., մեղադրվելով քաղաքական վտանգավոր գործունեության և անբարեհուսության մեջ, ցարի կարգադրությամբ Շիրվանզադեն աքսորվում է Օդեսա։ Ցարական ոստիկանությունը հալածում էր հայ այն մտավորականներին, որոնք հայ ժողովրդի մեջ հրահրում էին ազատասիրական զգացմունք՝ ընդդեմ թուրքական բռնակալության։ Շիրվանզադեն մեկն է սրանցից, որոնք, ինչպես նշված է ժանդարմական հարցաթերթիկում, իրենց հայրենակից թուրքահայերի մեջ «հրահրում են ապստամբություն ընդդեմ օտտոմանյան Թուրքիայի»։
Շիրվանզադեն աքսորում մնաց երկու տարի: Այդ տարիները անարդյունավետ չանցան: Նա մոտիկից շփվեց Օդեսայի կուլտուրական հարուստ կյանքի հետ, խոր ճանաչեց նավահանգստի աշխարհը, կյանքի հատակը, մարդկային թշվառությունները։ Հենց այստեղ էլ Շիրվանզադեի մեջ հղացավ իր ամենազմայլելի գործերից մեկի՝ «Արտիստ»-ի գաղափարը։ Այս առիթով Շիրվանզադեն մեզ տալիս է հակասական տեղեկություն։ «Արտիստ»-ի