Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/53

Այս էջը հաստատված է

— Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով ճակատին,— հույս կա, կա հույս գտնելու։

— Այո՜,— ուրախացա ես երեխայի պես։

— Այո՛, սինյոր։ Դուք ճանաչո՜ւմ եք Իցկոյի հորը։ «Մոշկա սելյոդկա» են կոչում նրան: Ճարպիկ մարդ է, ճանաչում է փողոցի սրիկաներին: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ. իսկույն։ Մա՛մա, ներս եկ, տու՛ր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...

Հակառակ մոր կամքին նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:

Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել։ Երևակայում էի ինչ ողբ պիտի բարձրացներ և որքան անիծեր որդուն։

Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին։ Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...

Լույսը նոր բացված գնացի Լևոնին տեսնելու։ Արդեն դուրս էր եկել տնից։ Ամբողջ գիշեր, Ալմաստի ասելով, չէր քնել, պտտել էր անկյունից անկյուն: Ուշ երեկո էր, երբ Լևոնը մտավ սենյակս հոգնած, քրտնած, փոշոտ։ Նա խոսելու անգամ ուժ չուներ։ Մինչև կեսօր թափառել էր Իցկոյի հոր, իսկ կեսօրից հետո՝ Չաուշենկոյի և Իցկոյի հոր հետ։ Եղել էին բոլոր այն շուկաներում, ուր հին հագուստեղենի առուտուր է կատարվում։ Փնտրել էին միայն կոշիկները, առանց ումևէ ասելու՝ ինչ գանձ են փնտրում։ Եվ զո՜ւր։ Իցկոյի հայրը խորհուրդ էր տվել Լևոնին «մոռանալ, թե երբևէ փող է ունեցել»։ Չաուշենկոն հայտնել էր ոստիկանությանը։ Պրիստավը ծաղրել էր. ո՞ր հիմարն է կոշիկի մեջ փող պահում։

Լևոնն ամբողջ օրն անց էր կացրել անոթի։ Առաջարկեցի ընթրել ինձ հետ, մերժեց. դուրս եկավ ուժասպառ, հուսահատված, հարբածի պես օրորվելով։

Մյուս օրն ես նրան հանդիպեցի փողոցում մի փոքրահասակ, նիհար, կեղտոտ հրեայի հետ խոսելիս։ Դա ինքը «Մոշկա սելյոդկան» էր, Իցկոյի հայրը։

— Մոսյո,— դարձավ նա ինձ, երբ իմացավ, որ Լևոնի