Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/62

Այս էջը հաստատված է

խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա։ Օ՜ հ է ինչքա՞ն էր խոսում նրա մասին, ինչպես հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... նա տաքարյուն է...

Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում։ Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ։ Անշուշտ Լևոնը այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան։

Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային։ Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ այն րոպեին, երբ մտա սեղանատուն։ Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանալ։

— Ա՜խ, սինյոր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել։

«Միգուցե և ինձ» — ակամա մտածեցի ես, գրեթե երկյուղով նայելով նրա սյուների պես հաստ և ուժեղ կռներին:

Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է յուր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել։

— Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ։ Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն։ Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը։ Հեռագրերը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ-խեթ, ապշած, որ, կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես առանց դես ասաց․ «Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է»։ Առհասարակ շատ օտարոտի էր...

Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին:

Իցկոյին հանդիպեցինք յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված։ Հույնը կատաղել էր, հայհոյում էր Իցկոյին, անվանելով նրան «քոսոտ ջհուդ», «սատկած առնետ» և այլն: Իսկ Իցկոն միայն կրկնում էր. «դու ինքդ, դու ինքդ»։

Չաուշենկոն, սպառնալով հույնին գավազանով