Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/64

Այս էջը հաստատված է

հարբած, կեղտոտ, վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...

Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր։ Անշունչ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը։ Ես վերցրի նրան սեղանիս վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի...

Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին, և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, երբ Լևոնն առաջին անգամ նվագեց «Մադրիդի շրջմոլիկը»։ Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...

Իսկ այնտեղ, հարևան սենյակում ուտում, խմում, զվարճանում էին հրավիրվածները։ Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն ուրախ ծիծաղը, որ առատ-առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կեսքուն և կեսարթուն դրության մեջ լսեցի ինչ-որ դղրդոց։ Վեր թռա տեղիցս... դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա։ Նույն րոպեին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ։ Շտապեցի նախասենյակ և այնտեղից հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ։ Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ։

— Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել,— հարցնում էին միմյանց։

Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև, գոռում էր հրդեհում այրվողի պես։ Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Լևոնին։ նրանց հետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն։

Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ հասկացա... Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն։ Լևոնին հանել էին ջրից նավաստիները «Խերսոն» շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...