Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/69

Այս էջը հաստատված է

համեմասրություն անել քո և իմ միջև։ Ուզում եմ, վերջապես, գիտենալ՝ ինչ արտաքին տարբերություն կա երկու համանման գարշելիների մեջ։

— Գարշելինե՞ր,— գոչեց Նազիմյանը զարմացած,— այդ ի՞նչ լեզվով ես խոսում։

— Խնդրեմ, խնդրեմ, մի խանգարիր։ Դու գիտես դուր գալ ամենքին հավասարապես, իսկ ես մի բարեկամ ձեռք բերելիս, երկուսը կորցնում եմ։ Ես թշնամուս տեսնելիս կատաղում եմ, դու՝ ժպտում ես։ Ախ, ոչ ոք ընդունակ չէ քեզ պես գրավիչ ժպտալ, նաև վայելուչ տխրել։ Երբ հարկավոր է՝ ուրախ սեղանակից ես, երբ անհրաժեշտ է՝ մտախոհ ու մռայլ Համլետ։ Դու նրբակազմ ես, սահուն շարժումներով ու ձևերով. ես կոպիտ եմ, անտաշ։ Քո ձայնն անուշ ու շոյիչ է, իմը անդուրեկան, բիրտ։ Քո գունատ դեմքի արտահայաությունը հեզ է, և այդ է, որ քեզ շատերի աչքում դարձրել է գրեթե անմեղ հրեշտակ, իսկ ինձ համարում են արջ, և միանգամայն արդարացի։ Դու ոչ ոքի անհատական համոզումը չես վիրավորում կամ նսեմացնում, իսկ ես վիրավորում եմ, և ինձ ատում են։ Դու երբեք վիճաբանության միջոցին կոպիտ բառեր չես արտասանում, իսկ ես դիպչում եմ իմ հակառակորդի անձնավորությանը, մանավանդ երբ նրա ռեխն ինձ դուր չի գալիս։ Դու քո հերքումները միշտ դնում ես անուշ հնչող բառերի մեջ և դարձնում նրանց ընդունելի, ես չեմ կարողանում։ Ինչո՞ւ թաքցնեմ, շատ անգամ ուզում եմ և չեմ կարողանում։ Դու եթե կամենաս, կարող ես թույնը թաթխել մեղրի մեջ և դնել թշնամուդ բերանը, դեմքիդ վրա խաղացնելով առաջնակարգ կոկետուհու քաղցր ժպիտը, իսկ ես...

— Չեմ հասկանում, այդ ի՞նչ անալիզ է,— ընդհատեց վերջապես Նազիմյանը, որ քանի գնում, այնքան ավելի զարմանում էր ընկերոջ տարօրինակ տրամադրության վրա։ — Դու ինձ հրավիրեցիր ճաշի, ասելով, թե ինչ որ կարևոր գործ ունես, և սկսել ես մի անհասկանալի հեքիաթ։ Ինձ թվում է, որ դու արդեն հարբել ես...

— Ահ, կատարելապես ճիշտ է, ես հարբել եմ, էրգո, կարող եմ ճշմարտությունն ասել առանց քաշվելու։ Սպասիր, իսկույն կդառնամ էականին։ Թույլ տուր մի քիչ էլ շարունակել